
Հոգեկան հիվանդներն այսուհետ հանրային պաշտպան կստանան

Հոգեբուժական հիմնարկներում բուժում ստացող անձինք այսուհետ կարող են օրենքով երաշխավորված իրավական օգնություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Նման կարգ է սահմանվել ՀՀ կառավարության որոշմամբ, որով ապահովվել է 2013 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի պահանջը: Այս օրենքն, ի դեպ, ուժի մեջ է մտել արդեն հունվարի 1-ից: Իսկ համապատասխան կարգն ընդունվել է 10 օր ուշացումով:
Ինչ վերաբերում է կառավարության սահմանած կարգին, ապա այն նախատեսում է, որ հոգեբուժական հիմնարկում բուժում ստացող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակ և ստանալ փաստաբանի օժանդակություն: Իսկ հանրային պաշտպանը գործն ստանալուց հետո պարտավոր է հանդիպել իր պաշտպանյալի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ, հիվանդանոցի վարչակազմն էլ պարտավոր է ապահովել հանրային պաշտպանի անարգել մուտքն ու ելքը հիվանդանոց և պատշաճ պայմաններ տրամադրել նրանց հանդիպումների համար: