ՀԱԿ-ը` Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի և ԲՀԿ-ի մասին. ԳԱԼԱ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, թե ցանկություն չունի մեկնաբանելու Ռ. Քոչարյանի հարցազրույցը և ընդհանրապես նրա մասին արտահայտվելու: Արամ Մանուկյանը հորդորել է իրենցից չսպասել որևէ խոսք Քոչարյանի կամ նրա հարցազրույցի մասին:
Նույն բանն ասել է նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, թե իրեն Քոչարյանն ու նրա հարցազրույցը չեն հետաքրքրում: Ըստ Զուրաբյանի՝ իր համար տարօրինակ է, որ այսօր խոսում են Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին:
«Ինչի՞ եք դրա մասին խոսում, վերադառնո՞ւմ է, ով որ նման բան է ասում, նրանցից հարցրեք: Զարմանում եմ, որ կարող են մի հարցազրույցով ենթադրություններ անել, իմ պատասխանը Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին հետևյալն է, որ ես չեղած բաները չեմ մեկնաբանում»,- ասել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը եւս ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ հետաքրքրված չէ Քոչարյանի հարցազրույցով, բայց եւ այնպես բավականին հանգամանալից խոսել է ստեղծված քաղաքական իրավիճակից եւ հնարավոր զարգացումներից.
«Ես Քոչարյանին չեմ համարում քաղաքական գործիչ, որը իրավունք ունի ընդհանրապես հայաստանյան իրավիճակի մասին որեւէ կարծիք հայտնելու, որովհետեւ եթե անխնա քանդում ես մի համակարգ, որի պատասխանատուն եղել ես տարիներ շարունակ, այլեւս իրավունք չունես անխնա քանդածի մասին խոսելու: Այդ անձնավորությունը պարզապես պետք է լռի եւ հեռանա, հեռանա եւ սպասի հայ ժողովրդի արդար դատին: Ես չեմ սպասել նրա հարցազրույցին, ինձ համար նույնիսկ տհաճ է լսել նրա անունը, ես անկեղծ եմ ասում եւ որպես ՀՀ քաղաքացի եմ ասում: Այն տարիներին, երբ որ նա էր այս երկիրը կառավարում, նա ոչ թե ժողովրդի կողմից էր ընտրված, այլ ինչ -ինչ գծերի հաշվին խլեց ժողովրդից իշխանությունը եւ արեց այն, ինչ կարող էր անել: Մարդ, որը չուներ բավարար կրթություն, զարգացվածություն, քաղաքական իրավիճակներում որոշումներ կայացնելու բավարար մակարդակ` որպես երկրի ղեկավար: Ես այդ տարիները հիշում եմ որպես ամոթի տարիներ, ամաչում եմ ընդհանրապես, որ այդպիսի ղեկավար ենք ունեցել:
Հավատացեք, որ ես ընդհանրապես չեմ ընդունում, որ մենք ունեցել ենք այդպիսի նախագահ եւ կուզենայի, որ բոլորս նրա մասին մոռանայինք եւ չփորձեինք վերակենդանացնել նրան: Նա իրավունք չունի վերադառնալու քաղաքականություն: Նա մեր հիշողության մեջ մնացել է որպես գիշատիչ, գիշատիչ, որովհետեւ նա քայքայեց մեր տնտեսությունը եւ բացի այդ մարդասպան էր, նույնիսկ հրաման տվեց սպանել իր ընկերոջը, այնպես որ նման մարդու մասին խոսելը ես կարծում եմ՝ ամոթ է»:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն վերլուծություններին, որ Ռ. Քոչարյանը հարցազրույցով ակնակում է իր վերադարձի մասին, նա պատասխանել է. «Նախ նշեմ, որ անպատկառությունը դարձել է քաղաքական կատեգորիա, եթե մարդը այդքան անպատկառ է, որ կարող է մոռանալ իր արածները, եւ երեսը պնդացնել ու որոշել հետ վերադառնալու մասին, խլելու վերջին հնարավորությունները ժողովրդի գոյատեւման, այդ դեպքում հարցրեք այդ անպատկառին, ասեք՝ ինչու եք որոշել վերադառնալ, էլ ինչ ունեք, հայտարարեք հասկանանք, ինչ եք ուզում հայ ժողովրդից ի վերջո: Այդ պատասխանը շատ կարեւոր է»:
Հարցին, թե կա՞ն արդյոք բավարար նախադրյալներ, կան մարդիկ, ուժեր ու քաղաքական կուսակցություններ, որոնց վրա հենվելով Ռ. Քոչարյանը կփորձի վերադառնալ, Զ. Թադեւոսյանը պատասխանել է.
«Քաղաքական ուժի վրա հենվելով գալ իշխանությա՞ն. ցանկացած մարդ էլ դա կարող է անել: Օրինակ կարող է ՀՀԿ-ի վրա հենվելով` Հայաստանում իշխանության գալ Մեդվեդեւը, այդ դեպքում ինչ անենք՝ ընդունե՞նք Մեդվեդեւին: Այնքան պիտի ժողովուրդը վստահ ու վճռական լինի, որ այդ ժամանակ Քոչարյանն էլ իր մտքով չանցկացնի հետ վերադառնալու մասին»:
Դիտարկմանը, թե որոշ վերլուծաբաններ մատնացույց են անում ԲՀԿ-ին կամ ՀՅԴ-ին, որոնք կարող են նպաստել կամ հենարան ծառայել երկրորդ նախագահի վերադարձի համար, Զ. Թադեւոսյանը պատասխանել է.
«Գիտեք, ես երբեք չեմ ցանկանա, որ ԲՀԿ-ն այդ աստիճանի արհամարհի հայ ժողովրդին: Ի վերջո, մի փոքրիկ տրամադրվածություն եւ վստահություն ժողովուրդը կարողացավ ձեռք բերել հանդեպ ԲՀԿ-ի: Իսկ եթե ԲՀԿ-ն գնա այն ճանապարհով, որ արհամարհի ժողովրդի ցանկությունները (ակնհայտ է, որ ժողովուրդը ատում է Ռ. Քոչարյանին), այդ դեպքում արդեն չգիտեմ՝ ինչ գնահատական տամ այդ քաղաքական ուժին: Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն երբեք այդ քայլը չի անի: Ի վերջո, ինչու՞ պիտի ԲՀԿ-ն գնա նման քայլի: Իսկ թե ինչ քայլ կանի ՀԱԿ-ը, օրը կգա` բարին հետը, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդքան մեղքեր չի գործել, որ դրա համար հատուցի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: