Պայթյունը ներսի՞ց, թե դրսի՞ց

«Երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, և, եթե իրադրությունը երկրում  չփոխվի՝ առաջին հերթին չբարելավվի մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապա առաջիկայում ականատես կլինենք պայթյունի, այսինքն՝ հանրային ընդվզումների, ըմբոստության»,- սա հատված է ոչ թե արմատական ընդդիմադիրներից մեկի հանրահավաքային խոսքից, այլ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի հարցազրույցից:

Սոցիոլոգն այդ մասին խոսել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ շեշտելով, որ ասվածի մասին են վկայում իրենց հետազոտությունները: Պողոսյանի ներկայացրած գնահատականն, իհարկե, նորություն չէ որևէ մեկի համար. այդ մասին Հայաստանում գիտեն բոլորը: Սակայն ուշագրավ է, որ պայթյունավտանգ իրավիճակի վերաբերյալ նման ահազանգ է հնչեցվում՝ հղում անելով սոցիոլոգիական հետազոտություններին: Ընդ որում, այդ մասին հայտարարող Գևորգ Պողոսյանը մշտապես հայտնի է եղել նրանով, որ նրա հայտարարությունները, եթե անգամ ուղղակիորեն չեն արտահայտել իշխանության տեսակետը, ապա առնվազն չեն հակասել այդ տեսակետին: Այսինքն՝ երբ երկրում պայթյունավտանգ իրավիճակի մասին խոսում է սոցիոլոգիական գիտությունների դոկտորը, ով, մեղմ ասած, միշտ զգուշավոր է եղել իր գնահատականներում, ապա կարելի է պատկերացնել, թե իրականում որքան պայթյունավտանգ է այն:  Գևորգ Պողոսյանը միաժամանակ ավելացրել է, որ ինքը, բնականաբար, չի կարող ասել՝ արդյոք հանրային ընդվզումները կհանգեցնե՞ն իշխանափոխության, թե՞ ոչ:

Գևորգ Պողոսյանն այս հարցում միակը չէ. դժվար է գտնել որևէ մեկին, ով կկարողանա պատասխանել այդ հարցին՝ արդյոք հնարավոր հանրային ընդվզումը, ըմբոստությունը կհանգեցնի՞ իշխանափոխության, թե՞ ոչ: Այդ հարցը, իսկ ավելի կոնկրետ՝ այդ հարցին պատասխանելու անհնարինությունը Հայաստանի հանրային, քաղաքական կյանքի ամենամեծ պարադոքսն է: Որևէ այլ երկրում նման սոցիալ-տնտեսական իրավիճակի, իշխանության կողմից այդ իրավիճակը հետևողականորեն խորացնող քաղաքականության առկայության դեպքում՝ վերը նշված հարցի պատասխանը գրեթե միանշանակ կլիներ՝ այո, այդ պայթյունը կհանգեցնի իշխանափոխության: Բայց Հայաստանը, ինչպես նշեցինք, պարադոքսալ բացառություն է՝ երկու հիմնական պատճառով: Նախ՝ անցած տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական ամենածանր պայմաններն անգամ մեր հասարակության մոտ ընդվզման պատճառ չեն դառնում:

Իրականում ընդվզում են բոլորը, սակայն հասարակության կրիտիկական հատվածը, որը, ինչպես ընդունված է համարել, պետք է դառնա իշխանափոխության հիմնական գործոնը, հրապարակի փոխարեն՝ նախընտրում է օդանավակայանը: Բայց մեղադրել հասարակությանը, ինչով, ի դեպ, շատ հաճախ զբաղվում են ընդդիմադիր ուժերը, անշնորհակալ և, ըստ էության, ոչ մի տեղ չտանող զբաղմունք է:

Առավել ևս, որ հասարակության այդ վարքագիծը կարելի է անգամ օբյեկտիվ և ածանցյալ համարել նույն այդ հասարակությանը մեղադրող ընդդիմության վարքագծից: Մարդիկ արտագաղթում են ոչ միայն ու հաճախ ոչ այնքան՝ իշխանություններից, որքան՝ ընդդիմությունից հիասթափվելու արդյունքում, քանի որ Հայաստանում վաղուց որևէ բանական մարդ իշխանությունից որևէ դրական փոփոխություն չի ակնկալում: Հետևաբար հարցը՝ սոցիալական ընդվզումը կհանգեցնի՞ իշխանափոխության, թե՞ ոչ, պետք է որոշակիորեն վերափոխել՝ կգտնվի՞ արդյոք որևէ քաղաքական ուժ, որը կակումուլյացնի սոցիալական ընդվզումը և դա կառաջնորդի ընդհուպ՝ մինչև իշխանափոխության: Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում այս հարցի պատասխանը ևս բացասական է:

Գոնե այս պահին ընդդիմադիր ուժերի թվում հնարավոր չէ գտնել մեկին, անգամ մի քանիսին՝ միասին վերցրած, որոնք կկարողանան սոցիալական ընդվզումը հասցնել կրիտիկական մակարդակի: Ընդդիմությունը ներկայումս ևս ունի վստահության ճգնաժամ, որը, չնայած անցած տարեվերջին որոշակիորեն գուցե հաղթահարվեց, սակայն դեռևս ոչ այն աստիճանի, որը հնարավորություն կտա հանրային ընդվզումը մոբիլիզացնել:

Ներկայումս հանրային, քաղաքական օրակարգում կրկին հայտնվել են քաղաքական պայքարը քաղաքացիական պայքարով փոխարինելու մասին քննարկումները, որոնց համար հիմք է հանդիսանում քաղաքացիական ակտիվիստների իսկապես ակտիվ գործունեությունը: Սակայն անցած տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ քաղաքացիական ակցիաներ, այդ թվում՝ հաջողված ակցիաներ (ինչպես, օրինակ, տրասնպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները) ցույց տվեցին, որ դրանք սահմանափակվում են միայն իրենց հռչակած լոկալ նպատակներով և դիմադրություն են ցույց տալիս, երբ խոսք է գնում իրենց պայքարի քաղաքականացման մասին: Ի դեպ, դա միանգամայն նորմալ է, ի տարբերություն այն տեսակետների, որ պետք է խաչ քաշել քաղաքական ուժերի վրա՝ նրանց փոխարեն առաջ  մղելով քաղաքացիական ակտիվիստներին:

Այսինքն՝ իշխանափոխություն տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ դրանով զբաղվեն քաղաքական ուժերը, որոնք այսօր նման ռեսուրս չունեն: Հետևաբար, որքան էլ ծեծված հնչի, կրկին առաջ է գալիս իրական քաղաքական ընդդիմության խնդիրը, որը գործող ոչ իշխանական ուժերը կամ չեն ցանկանում, կամ պարզապես չեն կարողանում լուծել: Ի դեպ, նույն քաղաքացիական ակտիվիստների կողմից անցած տարեվերջին կայացած ակցիաներից մեկի ժամանակ ընդդիմությանը շատ որոշակի առաջարկ հնչեց՝ վայր դնել պատգամավորական մանդատները, որը ստեղծված իրավիճակում կարող էր իշխանության դեմ պայքարի արդյունավետ գործիք դառնալ:

Սակայն ընդդիմադիրներն այդ առաջարկին արձագանքեցին գրեթե այնպես, ինչպես իշխանությունն է արձագանքում հրաժարականի պահանջներին: Ի դեպ, այդ հարցում իշխանությունների և ընդդիմության տեսակետները զարմանալիորեն համընկան: Պատգամավորական մանդատները վայր դնելու առաջակին դեմ հանդես եկան կարկառուն հանրապետականներից շատերը՝ շտապելով զգուշացնել այդ քայլի անհեռանկարայնության մասին:

Միաժամանակ, նույն իշխանությունները շարունակում են ողջունել քաղաքացիական հասարակության կայացումը, մեծ ոգևորությամբ են խոսում առանձին հարցերի վերաբերյալ ակտիվիստների կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների մասին: Իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ որքան էլ հզորանա քաղաքացիական պայքարը, դա չի վերաճելու իշխանափոխության պահանջի, ինչից նրանք ամենաշատն են սարսափում:

Հայաստանում իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է: Սակայն, եթե իրական «պայթյուններ» չլինեն, իշխանությունը կարող է կազմակերպել բազմաթիվ լոկալ «ճայթյուններ»՝ հանրային ընդվզման մոբիլիզացիայի վտանգը չեզոքացնելու համար:

Դա տեղի չի ունենա միայն այն դեպքում, եթե ընդդիմությունն ընդառաջ գնա ծանր վիճակում գտնվող ու պայքարի պատրաստ հասարակությանը: Դա է, ըստ էության, 2014 թվականի հիմնական մարտահրավերը, որն այս պահին ավելի շատ մարտահրավեր է ընդդիմության, քան իշխանության համար:

Տեսանյութեր

Լրահոս