Ռուսաստանը 2014 թվականին կպահպանի և կամրապնդի Հայաստանում ու Ադրբեջանում իր ազդեցությունը. Stratfor
Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի կանխատեսմամբ՝ 2014 թվականն առանցքային կլինի Ռուսաստանի համար, ընդ որում, թե՛ ներքին, թե՛ արտաքին «ճակատամարտերի» համար.
«Ռուսաստանը՝ իր արտաքին տնտեսական ռազմավարությամբ և քաղաքականության մեջ դիվանագիտական փոխզիջումների գնալու ունակությամբ, վերածվում է գլոբալ պետության, որը ձգտում է պահպանել հին և կառուցել նոր դիրքեր աշխարհում:
Եվրոպան կնախընտրի բոլոր ոլորտներում առճակատման, քան զիջումների գնալ Ռուսաստանին: Գերմանիան միջնորդ կդառնա առավել բարդ հարցերի լուծման մեջ: Ռուսաստանի դիրքերը կբարելավվեն Մերձավոր Արևելքում և Չինաստանի ու Ճապոնիայի հետ հարաբերություններում: Ռուսաստանը 2014 թվականին փորձելու է ամրագրել նախորդ տարի հետխորհրդային երկրներում ունեցած հաջողությունները:
Մոսկվան կարող է խանգարել ԵՄ-ի հետ Վրաստանի ու Մոլդովայի մերձեցմանը, այս երկրները կդառնան առանցքային Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակամարտությունում: Այդ երկրներին կարող են սպասվել նույնպիսի քաղաքական ու տնտեսական ճնշումներ, որոնց Ռուսաստանի կողմից բախվեց Ուկրաինան: Ռուսաստանն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի խոչընդոտի նրանց մերձեցումը ԵՄ-ի հետ:
Ռուսաստանը կպահպանի և կամրապնդի ազդեցությունը Հայաստանում ու Ադրբեջանում, զգալի ազդեցություն կունենա 2015 թվականի սկզբին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Արևմուտքն Ուկրաինայում կաջակցի ընդդիմադիր առաջնորդներին, ինչպիսին է Վիտալի Կլիչկոն:
Սակայն Ռուսաստանը կկարողանա պահպանել իր գերակա ազդեցությունն Ուկրաինայում: Եվրասիական գործընկերություն նախագիծը կամրապնդվի և կընդլայնվի Կենտրոնական Ասիայի երկրների հաշվին:
Այդ ամենի համար Ռուսաստանն ունի մեկ տարի՝ 2014 թվականը, քանի դեռ ԱՄՆ-ը ներգրավված է Իրանի հետ բանակցություններում: Ռուսաստանն ունի սահմանափակ ժամանակ, մինչև որ ԱՄՆ-ը կօգտվի Իրանի հետ լարվածության նվազեցումից և ուշադրություն կդարձնի տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հարևանների վրա:
Թեև Ռուսաստանը կշարունակի փորձել օգտագործել Մերձավոր Արևելքում իր լծակները, որպեսզի գաղտնի բարդացնի տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանները, նա չի կարող խոչընդոտ հանդիսանալ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև պայմանագրի ճանապարհին:
Միևնույն ժամանակ երկրի ներսում Ռուսաստանի ղեկավարության առջև ծառացած կլինեն ոչ պակաս լուրջ մարտահրավերներ. Կրեմլի ներսում տարաձայնությունները, տնտեսական անկայունությունը և Վլադիմիր Պուտինի աճող «ինքնապետությունը» կծառայեն վատ գործիք՝ ամուր կայունության համար:
Ռուսաստանն ընթանում է դեպի ավելի ավտորիտար վարչակարգ: Մեկ առաջնորդի ձեռքում իշխանության կենտրոնացումը երկարաժամկետ հեռանկարում կխաղա Ռուսաստանի կայունության դեմ: Ռուսական պետությունը վերակենդանացնելու համար Պուտինի օգտագործած գործիքները մաշվել են:
Անառողջ տնտեսությունը նպաստելու է սոցիալական հուզումների առաջացմանը Ռուսաստանում: Միևնույն ժամանակ իրենց ազդեցությունն են կորցնում պետական մեխանիզմները, որոնք ավանդաբար կիրառվել են այդ անկարգությունները կառավարելու համար:
Պուտինը կարող է «գլուխ հանել» Կրեմլում ու փողոցներում աճող անկայունությունից, սակայն այդ գործընթացում նա պետությունը կդարձնի իրենից ավելի կախյալ և դրանով իսկ ավելի խոցելի երկարաժամկետ հեռանկարում»: