Իրան-Հայաստան երկաթուղու շահագործման արտոնյալ իրավունքը կստանա Հարավկովկասյան երկաթուղին. NEWS.am
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն («Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը) Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոներն է:
Իրան-Հայաստան երկաթուղու նախագծվող ճյուղի կոնցեսիան կստանա ԱՄԷ-ում գրանցված ներդրումային «Ռասիա» ընկերությունը: Հայաստանի տրանսպորտի նախարարության հետ պայմանավորվածության համաձայն՝ ՀԿԵ-ն կստանա այն շահագործելու արտոնյալ իրավունք: Այս եւ այլ հարցերի մասին NEWS.am-ը զրուցել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ:
–Ի՞նչ նորություն կա Վանաձոր–Ֆիոլետովո ճյուղի շինարարությունի՞ց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի եւ դեկտեմբերի սկզբին հայ–ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընթացքում ինչ–որ համաձայնագրեր կնքվե՞լ են: Նախագծի ՏՏՀ–ն արդեն պատրա՞ստ է:
–ՏՏՀ-ն արդեն վաղուց պատրաստ է, բայց համաժողովի շրջանակում վերջնական որոշումներ չեն կայացվել:
-Իսկ Իրան–Հայաստան երկաթուղու մասո՞վ:
-Այդ մասով եւս առայժմ նորություն չկա: Կա ընկերություն, որը մինչեւ 2013թ. վերջը ՏՏՀ մշակելու պարտավորություն ուներ: Ինձ հայտնի վերջին տվյալով՝ այն ավարտել է աշխատանքը:
–Ձեզ ծանոթացնո՞ւմ են աշխատանքի արդյունքներին:
-Իհարկե: Ամիսուկես առաջ մենք հանդիպեցինք «Ռասիա» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանք ներկայացրին իրենց մշակումները շինարարության հերթական փուլի համար: Իսկ մենք տեղեկատվական աջակցություն ենք ցուցաբերում: Հատուկ այդ նպատակով ես Իրան եմ մեկնել, բանակցություններ վարել Առեւտրաարդյունաբերական պալատում եւ տրանսպորտի նախարարությունում: Իհարկե, մեկ հանդիպմամբ գործընթացի չես ավարտի, մշտական շփումներ են հարկավոր:
–Ֆինանսավորման հարցո՞վ:
-Ավելի շուտ, խոսքն առայժմ կազմակերպչական հարցերի, ՏՏՀ-ի ամփոփիչ փուլի համար տվյալների հավաքման մասին է: ՏՏՀ-ն լինի, կլինեն ճանապարհի կառուցման տարբերակներ, պարզ կդառնա հավանական արժեքը: Այդ ժամանակ էլ կդիտարկվեն ֆինանսավորման մոդելները: Բայց եւ այս փուլում հայտնի է, որ չինական «CCCC» ընկերությունը պատրաստ է օգտագործել իր ռեսուրսները եւ շինարարական արտադրական հզորությունների հնարավորությունները:
-ՏՏՀ–ում երկաթուղու շինարարության արժեքի գնահատումը պատրա՞ստ է: Միգուցե՝ առայժմ ո՞չ վերջնական:
Վերջնական թիվը որոշված չէ, բայց խոսվում է 3 մլրդ դոլարից ավելի գումարի մասին: Սա շատ լավատեսական գնահատական է, իսկ առավել մանրամասն գնահատում կարվի աշխատանքային փաստաթղթերը պատրաստելիս:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: