
ԵՄ-ի նախագահությունն ստանձնել է Հունաստանը

Deutsche Welle-ի փոխանցմամբ` 2014 թվականի հունվարի 1-ից ԵՄ-ի նախագահությունը կես տարով ստանձնել է Հունաստանը: Փորձագետները կարծում են, որ չնայած տնտեսությունում առկա խնդիրներին` Աթենքն ունի հաջող նախագահության համար բոլոր հնարավորությունները:
Հունաստանը ԵՄ-ում նախագահելու է մինչև հուլիսի 1-ը: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ ԵՄ-ում նախագահելիս Հունաստանի առաջնահերթությունների թվում են լինելու Եվրոպայում տնտեսական աճին և սոցիալական համախմբվածությանը հասնելը, ինչպես նաև փախստականների հանդեպ քաղաքականության շարունակումը և բանկային միության ձևավորումն ավարտելը:
Փորձագետները կարծում են, որ չնայած ճգնաժամին` Հունաստանը մտահոգվելու է, որ ԵՄ-ում իր նախագահությունը լինի հաջող, իսկ իր աշխատանքը միտված լինի արդյունքի գրանցմանը: Հույների համար ԵՄ-ում հաջող նախագահությունը լավ հնարավորություն է միջազգային արենայում սեփական համբավը վերականգնելու և վստահությունը վերադարձնելու համար:
Նշվում է, որ Հունաստանը հինգերորդ անգամ է ստանձնել ԵՄ-ի նախագահությունը: