
Առաջարկվում է Սեւանի լճից ոռոգման նպատակով վերցվող ջրի ծավալն ավելացնել

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, քննարկվել են ոռոգման արդյունավետ կազմակերպման եւ Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրաքանակի ծավալների ավելացման հետ կապված հարցեր, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժից:
Փոխվարչապետը նշել է, որ անցած ոռոգման շրջանը բավականին լարված է եղել, Սեւանից վերցված 170 մլն խմ-ով ամբողջական պահանջարկը հնարավոր չէր բավարարել, գործի են դրվել մեխանիկական համակարգերը, արդյունքում ծախսված էլեկտրաէնեգիայի դիմաց համակարգը պետք է վճարի շուրջ 900 մլն դրամ: Բացի այդ, Արարատյան դաշտավայրի մինչեւ 8 հազար գյուղացիական տնտեսությունների համար ոռոգման շրջանում պահանջարկի բավարարման հետ կապված դժվարություններ են առաջանում: ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովում, ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում, Հանրային խորհրդում, ինչպես նաեւ բնապահպանական ՀԿ-ների հետ քննարկել է համապատասխան օրինագիծը, որով առաջարկվում է Սեւանա լճից վերցվող ջրի ծավալը 170 մլն խմ-ի փոխարեն դարձնել մինչեւ 240 մլն խմ: Քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակվել է, եւ կոլեգիան նպատակահարմար է գտել, որ այն ներկայացվի կառավարություն: