Լիպարիտ Պետրոսյանը այս պահից անժամկետ հացադուլ է հայտարարում

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր 2 ամսով երկարացրեց նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող մի քանի մեղադրյալների կալանքի ժամկետը: 2 ամսով երկարացվեցին Շանթ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Սերոբ Մնացականյանի կալանքի ժամկետը:

Հարուցված քրեական գործով մեղադրյալ Լիպարտի Պետրոսյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը դատական նիստի ավարտից հետո ասաց, որ նախաքննական մարմինը կալանքի ժամկետը երկարաձգելու իր միջնորդությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ դեռևս չի ստացվել Շանթ Հարությունյանի և մյուս մեղադրյալի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունների եզրակացությունները և դեռևս բազմածավալ քննչական գործողություններ պետք է կատարվեն.

«Այդպես էլ չհասկացա, թե այդ երկու եզրակացություններն ի՞նչ կապ ունեն իմ պաշտպանյալին՝ Լիպարիտ Պետրոսյանին, կալանքի տակ պահելու համար և որ բազմածավալ քննչական գործողություններ դեռ կան անելու: Բայց բազմածավալի տակ որևէ հիմնավորում չկա, որևէ ապացույց, որ կոնկրետ Լիպարիտ Պետրոսյանի հետ կապված այս գործողությունները պետք է կատարվեն»: Պաշտպանն ասաց, որ իրենք հայտարարություն են արել այն մասին, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Վարդուհի Էլբակյանն ասաց, որ Լիպարիտ Պետրոսյանը խնդրել է փոխանցել՝ ինքն այս պահից անժամկետ հացադուլ է հայտարարում. «Պահանջներն են՝ վերացնել տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումները, ինչպես նաև կապված հոդվածի հետ, որ իրենք ոստիկանության որևէ աշխատակցի նկատմամբ բռնություն չեն գործադրել, և իրենք իրենց քաղաքական հայացքների համար հետապնդվող անձիք են»: Վ. Էլբակյանի խոսքով՝ Լիպարիտ Պետրոսյանն ասել է, որ նույն գործով ազատազրկված մի քանի մեղադրյալներ ևս իրեն փոխանցել են՝ հացադուլ անելու մտադրության մասին:

Կարդացեք նաև

Վարդուհի էլբակյանը հայտնեց, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվելու է: Դատարանն այսօր քննելու էր նաև գործով մեկ այլ մեղադրյալ Ալեք Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը: Նա ևս անազատության մեջ է նոյեմբերի 5-ից: Նա 5 անչափահաս երեխա ունի: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Էդիկ Աղաջանյանն այսօր էր ներգրավվել որպես պաշտպան:

Տեսանյութեր

Լրահոս