2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պոտենցիալ առաջնորդները Քրիստին ու Քլինթոնն են. հարցախույզ
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրություններին մնացել է երեք տարուց էլ պակաս ժամանակ, սակայն արդեն իսկ հայտնի են պոտենցիալ առաջնորդները: Խոսքն ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի մասին է:
Այս մասին են վկայել հեռուստաալիքի և ORC ընկերության անցկացրած հարցախույզի արդյունքները: Ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Քրիստին դեռ չեն հայտարարել, որ մտադիր են իրենց թեկնածությունն առաջադրել 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում:
Հարցախույզին մասնակցել է մոտ 950 մարդ, որոնց 48 տոկոսը կողմ է արտահայտվել հանրապետական Քրիստիի, իսկ 46 տոկոսը՝ դեմոկրատ Քլինթոնի օգտին: Նշվում է, որ Քրիստին առաջատար է տղամարդկանց շրջանում, իսկ Քլինթոնը՝ կանանց շրջանում: Հարցախույզն անցկացվել է դեկտեմբերի 16-19-ին: