Էրդողանի կուսակցությունն իր շարքերից հեռացնում է երեք պատգամավորի
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2002 թվականի նոյեմբերի սկզբին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններով իշխանության եկած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատրաստվում է իր շարքերից հեռացնել երեք պատգամավորի:
Խոսքը գնում է Իզմիրից ընտրված պատգամավորներ Էրթուղրուլ Գյունայի (Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախկին նախարար), Էրդալ Քալքանի և Անկարայից ընտրված պատգամավոր Հալուք Օզդալգայի մասին: Նրանց կուսակցության շարքերից հեռացնելու պահանջն ուղարկվել է Միացյալ կարգապահական կոմիտեին:
ԱԶԿ-ի տարածած հայտարարությունում նշված է, որ այդ պատգամավորները վերջին շրջանում աչքի են ընկել կարգապահական խախտումներով և կուսակցության ու կառավարության հիմնական սկզբունքների ու քաղաքականության դեմ իրենց հայտարարություններով: