
2013 թվականն ամենաբարդն էր Ուկրաինայի անկախության պատմության ընթացքում. Յանուկովիչ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռեգիոնների խորհրդի նիստում հայտարարել է, որ 2013 թվականն ամենաբարդն էր Ուկրաինայի անկախության ողջ պատմության ընթացքում:
2013 թվականի հետ կապված՝ Յանուկովիչն առանձնացրել է երկու առանցքային խնդիր, որոնցից մեկը մարդու իրավունքների ու ազատությունների խախտումն է, իսկ մյուսը՝ տոտալ կոռուպցիան. «2013 թվականը փորձությունների տարի էր, այն մեղմ ասած, շատ և շատ բարդ էր:
Այս տարի միանգամից ի հայտ եկան բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք տարիներով կուտակվել էին թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտներում:
Ուկրաինացիները տարբեր կերպ են ընկալում այս իրավիճակը, մարդիկ ունեն տարբեր տրամադրություններ ու կուտակված խնդիրների լուծման տարբեր տեսլականներ»:
Կառավարությանը հանձնարարելով շարունակել Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ ԵՄ-ի հետ բանակցային գործընթացը՝ Յանուկովիչն ընդգծել է, որ հարկադրված է եղել ստանձնել թե՛ Վիլնյուսի, թե՛ նաև Մոսկվայի պատասխանատվությունը. «Որպես նախագահ՝ հարվածը վերցրեցի ինձ վրա»: