Թուրքիայի կառավարության հայտարարած 28 մրցույթում կատարվել է 100 միլիարդ «դոլարի լվացում». Taraf
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այն բանի մանրամասները, որոնց հիման վրա Թուրքիայի գլխավոր դատախազությունը նախօրեին պլանավորել է իրականացնել հակակոռուպցիոն երկրորդ հզոր ալիքը: Սակայն ոստիկանությունը հրաժարվել է կատարել Գլխավոր դատախազության հրահանգը:
Ֆեթուլլահ Գյուլենին մոտ կանգնած թերթը հայտնում է, որ Ստամբուլի հանրապետական դատախազությունը պատրաստել է Էրդողանի կառավարության բարձրաստիճան անդամների ցուցակը, որոնք 100 միլիարդ դոլար են «լվացել» կառավարության հայտարարած 28 մրցույթներում:
Դատախազությունը պարզել է, որ «փողերի լվացման» մեջ ներգրավված են 5 նախարարությունների պաշտոնյաներ, Էրդողանի ապարատի աշխատակիցները և բարձրաստիճան այլ անձինք, ընդհանուր առմամբ՝ մոտ 30 մարդ:
Թերթը, որպես կոռուպցիոն գործունեության դրսևորում, բերում է Ստամբուլի Էթլիերի շրջանի միակ ազատ տարածքի՝ Ոստիկանական դպրոցի տարածքի վաճառքի օրինակը:
Այդ շրջանը գնահատավել էր 1 միլիարդ դոլար, սակայն առանց որևէ մրցույթի հայտարարման այն վաճառվել է 460 միլիոն դոլար: Դրա հետևանքով պետության պատճառվել է մոտ 600 միլիոն դոլարի վնաս: