
Վարչապետը՝ ի պաշտպանություն «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի թեմային, որը նախատեսվում է քանդել։ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ շենքը ճարտարապետական օրիգինալ կառույց է, որը թեպետ հուշարձանների շարքում ներառված չէ, սակայն ճարտարապետները համարում են այն արժեքավոր ժառանգություն:
Խոսելով կլոր մասնաշենքի քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկի մասին, որը նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, վարչապետը նշել է, որ դա բավականին շատ է: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետներն առաջարկում են նոր լուծումներ։ Ներկայացվել է հետաքրքիր առաջարկ, մասնավորապես, օդանավակայանի տարածքում մի այգի կառուցել, որտեղ հնարավոր կլինի տեղափոխել ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ նման բան կա Բրյուսելում։
Կառավարության նիստում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր Պլանը», որի շրջանակներում 102 մլն դոլարի ներդրում կկատարվի օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար: