Բաժիններ՝

Շտապօգնության նախկին բժիշկը՝ օգնության ակնկալիքով, դիմում է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ս.Ա.Սարգսյանին
Քաղ. Արմեն Մկրտչյանից
Բնակվող /ժամանակավորապես/ ք.Երևան, Մուրացան փ. 113/3 շենք, բն.56

«Մեծարգո պարոն նախագահ.

Ընդունեք իմ և ընտանիքիս խորին ցավակցությունը մեծ վշտի՝ Ձեր հոր մահվան կապակցությամբ: Աստծո մխիթարությունը Ձեզ և Ձեր հազատներին:

Ստիպված եմ դիմելու Ձեր բարձր հովանավորությանը, քանի որ բոլոր պետական իրավասու մարմնների դռներն այլևս փակ են իմ առջև:

Ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը և որպես զինվորական բժիշկ  տասներեք  տարի աշխատել եմ ՀՀ զինված ուժերում,  Սյունիքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Ջաբրահիլ/, որից հետո հիվանդության պատճառով զորացրվել եմ և 2012թ. դեկտեմբերից աշխատել եմ Երևանի քաղաքապետարանի <<Շտապօգնություն>> ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ:

2013թ. ապրիլի 19-ին, հերթապահության ժամանակ կանչ ստանալով, բուժանձնակազմի հետ ուղևորվել եմ հիվանդին օգնություն ցուցաբերելու, որի ընթացքում Արցախի փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվեց մեր մեքենային: Արդյունքում «Մերսեդեսի» վարորդը տեղում մահացավ, իսկ շտապօգնության վարորդը, ես ու բուժքույրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվեցինք <<Երեբունի>> բժշկական կենտրոն:

Արհեստավարժ բժիշկների և ողջ բուժ.անձնակազմի բարձր որակավորման շնորհիվ իմ կյանքը հրաշքով փրկվեց, սակայն բազմաթիվ վիրատահությունների, վերականգնողական երկարատև բուժման արդյունքում էլ այսօր գտնվում եմ շատ ծանր վիճակում:

Հայաստանի բուժհաստատությունները, վերականգնողական կենտրոններն իմ առողջության վերականգնումը հետագայում Հայաստանում անհնար համարելով՝ խորհուրդ տվեցին արտասահմանյան որևէ երկրում բուժումը  ստանալու ելքեր որոնել:

Լրատվամիջոցներով հրապարակվեց նյութ վերը նշվածի վերաբերյալ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության, ինչպես նաև առողջապահության նախարարության համակարգի աշխատակիցների շրջանում, որից հետո ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն ու «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այցելեցին ինձ: Փոխնախարարը փոխանցեց  նախարար Դումանյանի պատրաստակամությունը իմ առողջական վիճակի բարելավման ուղղությամբ՝ անհրաժեշտ մասնագիտական օգնություն կազմակերպելու հարցում: Որոշվեց կազմակերպել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կոնսիլիում՝ իմ առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա գործողությունները հստակեցնելու նպատակով, որի արդյունքները քննարկվելու էին ինչպես` Հայաստանի, այնպես էլ` արտասահմանյան ճանաչված մասնագետների հետ:

Իսկ Թագուհի Ստեփանյանը փոխանցեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատրաստակամությունը՝ իմ սոցիալ-կենցաղային խնդիրներին ուծումներ գտնելու գործում /300.000 դրամ/  տարբեր խոստումներ տվեցին, մասնավորապես, որ իմ բժշկական թղթերը կուղարկեն Գերմանիա, երկրորդ կարծիքն իմանալուց հետո ինձ նույնպես կուղարկեն այդ երկիր` վերականգնողական բուժման: Նույնիսկ ասացին, որ նախարարությունը համագործակցում է Գերմանիայի երկու լավագույն կլինիկաների հետ, նշեցին անունները:

Վերջիններս շատ լավ տեղյակ էին, որ այստեղ համապատասխան սարքավորումներ չկան, մասնագետներ՝ նույնպես, նախարարության ներկայացուցիչները շատ կոնկրետ խոստացել են ինձ ուղարկել Գերմանիա և դրանից բացի կոնսիլիում հրավիրել, որպեսզի լավագույն բժիշկների կարծիքները լսեն:

Մինչդեռ առողջապահության համակարգի մասնագետների այցելությունից հետո շատ երկար ժամանակ է ոչ մի արձագանք չկա: Լրատվամիջոցներից մեկը նորից հոդված տպեց, որից հետո նոր կոնսիլիում եղավ, ուռոլոգը նշանակեց մի դեղ, որը ոչ միայն Հայաստանում, այլ եվրոպական երկրներում փնտրեցինք ու չգտանք: Մի խոսքով՝ կրկին ստուգումներ, կարծիքներ, սակայն գործնականում՝ ոչինչ:

Հեռացան և կրկին շաբաթներով` ոչինչ: Որոշ ժամանակ անց փոխնախարար Վ. Պողոսյանը ինձ տեղեկացրեց, որ բուժումը Գերմանիայում կազմակերպելու վերաբերյալ ինքը որևէ խոստում չի տվել և  ասաց, որ Գերմանիայում իրականցվող բուժումը կապված է մեծ գումարների հետ, որի հնարավորությունը նախարարությունը չունի: Ներկայիս իմ առողջական վիճակը վտանգավոր է իմ կյանքի համար, քանի որ վերականգնողական դրական բուժման հավանականությունը նվազում է:

Մեծարգո պարոն նախագահ.

Իմ երեք մանկահասակ երեխաների՝ Հայաստանի ապագա երեք զինվորների  կյանքի հետագա բարօրության համար ինձ անհրաժեշտ է բուժում և շուտափույթ ապաքինում, քանի որ կինս հնարավորություն չունի աշխատելու /փոքր տղաս հինգ ամսական է/, իսկ մենք ապրում ենք վարձով և բացի իմ աշխատավարձից մեր ընտանիքն այլ եկամուտ չի ունեցել, ներկայումս էլ  գոյատևում ենք  հաշմանդամության 44.800 դրամ թոշակով: Ես հնարավորություն չունեմ անձնական միջոցներով բուժումս արտերկրում կազմակերպելու համար, ուստի հայցում եմ Ձեր հնարավոր աջակցությունը՝ առողջությանս հետագա վերականգնումը արտասահմանում, մասնավորապես Գերմանիայում իրականացնելու հարցում: Հույս ունեմ անտարբեր չեք գտնվի և կարձագանքեք խնդրանքիս, հատկապես, որ շատերին եք ձեռք մեկնում: Խնդրում եմ, օգնե՛ք կյանքս փրկելու հարցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս