
Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Մանսուրի ահաբեկչության հետ

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարվել՝ կապված Կահիրեից ոչ հեռու գտնվող ոստիկանատան մոտ գրանցված պայթյունի հետ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ և վիրավորվել է ավելի քան 150 մարդ:
Նախնական տվյալներով՝ Մանսուր քաղաքում այդ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը, ով պայթուցիկով լի ավտոմեքենայով հարվածել է ոստիկանատան մոտ կանգնեցված բարիկադներին: Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ այդ ահաբեկչության հետևում կանգնած է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը:
Ահաբեկչության հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է 4 կասկածյալի, որոնք արդեն իսկ խոստովանական ցուցմունք են գրել: Մանսուրի պայթյունից հետո քաղաքում բռնկվել են փողոցային զանգվածային ելույթներ: Մասնավորապես, ցուցարարներն այրել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք ենթադրաբար պատկանում են «Մուսուլման եղբայրների» համակիրներին:
Եգիպտոսում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ ոք դեռ չի ստանձնել Մանսուրի ահաբեկչության պատասխանատվությունը: