
Հայաստանի Հանրապետության վերջին Ամանորը

Վերջին ամիսներին գրեթե բոլոր ռուս պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց ամենակարևոր խնդիրն է՝ 2014 թվականին ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքները, որպեսզի 2015 թվականին այդ կառույցն արդեն սկսի գործել: Հենց այդ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին վերաբերող հարցերի համար էլ այսօր Մոսկվայում գումարվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի նախագահը:
Ու մինչ Հայաստանում բոլորի ուշադրությունը սևեռված է ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցության՝ այսօր ստորագրվելիք «Ճանապարհային քարտեզի» վրա, ռուսներն իրականում մեր անդամակցության հարցը փակված համարելով՝ արդեն իսկ լծվել են ՄՄ-ի հիման վրա Եվրասիական տնտեսական միության ստեղծման աշխատանքներին: Եվ եթե նրանց հայտարարած ժամկետները պահպանվեն ու ընդամենը մեկ տարի հետո այդ միությունը դե յուրե սկսի գործել, ապա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, կդադարի գոյություն ունենալ:
ՄՄ անդամակցության արդյունքում Հայաստանը կորցնում է ինքնիշխանության հիմնական տարրերը, այդուհանդերձ, պահպանելով սուվերենության գոնե արտաքին ատրիբուտները: Սակայն Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո Հայաստանը կկորցնի ինքնիշխանության ամենաառարկայական բաղադրիչներից մեկը՝ ազգային դրամը, քանի որ, ինչպես հայտնի է, այդ կառույցում գործելու է միասնական արժույթ: Ռուբլին, բնականաբար: Հայաստանը սեպտեմբերի 3-ի որոշմամբ հայտարարել է ոչ միայն Մաքսային միությանը, այլ նաև Եվրասիական տնտեսական տարածության ձևավորմանը մասնակցելու մասին: Ու ստացվում է, որ հիմա ՀՀ իշխանությունը զբաղված է Հայաստանի ինքնիշխանությունը վերջնականապես Ռուսաստանին հանձնելու «տեխնիկական աշխատանքներով»:
Դրանց ավարտին, փաստորեն, մնացել է ընդամենը 1 տարի: Այսինքն՝ տեսականորեն Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացիներն ու Հայաստանի ճակատագրով մտահոգված քաղաքական ուժերը (եթե, իհարկե, այդպիսիք կան իրականում) մեկ տարի ժամանակ ունեն այդ կործանարար ու անդառնալի հեռանկարը կանխելու համար:
Այլապես, պետք է արձանագրենք, որ 2014 թվականի Ամանորը կարող է լինել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վերջին Նոր տարին, քանի որ արդեն 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանը կդիմավորի ոչ միայն Նոր տարին, այլև եվրասիական տնտեսական միության նոր տերերին՝ բառի ուղիղ իմաստով: