
Մաքսային միությունը Ռուսաստանի համար երրորդ նշանակալից շուկան է աշխարհում. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ պետք է Մաքսային միության շրջանակներում մինչև 2014 թվականի մարտի 1-ը կազմել սահմանափակումների ցանկը և սահմանել դրանց վերացման կոնկրետ ժամկետները:
Պուտինի խոսքերով՝ դա շատ կարևոր նպատակ է, քանի որ առավելագույն ինտեգրումը հնարավոր է դառնում հենց դրա շնորհիվ: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը (Մաքսային միություն) ձգտում են այլ երկրների և տարածաշրջանային հարևանների հետ փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ընդլայնմանը.
«Մեր ինտեգրացիոն նախագիծը, ելնելով տնտեսական օբյեկտիվ պատճառներից, հետաքրքրիր և գրավիչ է ԱՊՀ-ի գծով մեր բազմաթվ գործընկերների համար: Հայաստանն ու Ղրղզստանը ոչ միայն ցանկություն են հայտնել դառնալու դրա մասնակիցներ, այլև՝ մենք արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել տվյալ ուղղությամբ:
Այսօր դիտարկման է դրվում Հայաստանի անդամության «ճանապարհային քարտեզը», համաձայնեցման փուլում է գտնվում Ղրղզստանի վերաբերյալ համարժեք փաստաթուղթը»: Պուտինն աջակցության անհրաժեշտ բոլոր միջոցները խոստացել է Երևանին ու Բիշքեկին.
«Վստահ եմ, որ եվրասիական միավորման անդամների քանակի ընդլայնումն օգտակար կլինի ոչ միայն իրենց՝ մասնակիցների համար, այլև՝ ընդհանրապես տարածաշրջանի համար: Ռուսաստանի համար Մաքսային միությունն իր նշանակությամբ երրորդ շուկան է աշխարհում՝ ԵՄ-ից ու Չինաստանից հետո:
Վերջին տարիներին Մաքսային միության երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալը 15 միլիարդ դոլարից աճել է մինչև 58 միլիարդ դոլարի: Ակնառու է դրական արդյունքը մեր գործընկերների համար»: