Ընդդիմությունը և իշխանությունը համագործակցեցին հօգուտ Ռուսաստանի

Երեկ Ազգային ժողովը 72 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև դեկտեմբերի 2-ին ստորագրված «գազային պայմանագիրը»: Այդ պայմանագրով նախատեսվում է, որ Հայաստանը ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը: Իրենց խորհրդարանում ընդդիմություն հայտարարած երեք խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության», ինչպես նաև այլընտրանքային ԲՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ մեկը դեմ չքվեարկեց իրենց իսկ կողմից ստորացուցիչ, նվաստացուցիչ, վասալային և խայտառակ հռչակված համաձայնագրին: Նրանք բոյկոտեցին ԱԺ նիստը և դուրս եկան դահլիճից, թողնելով, որ այդ համաձայնագիրը վավերացվի միաձայն:

Մինչդեռ առնվազն ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեռևս երեք օր առաջ հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու այդ համաձայնագրին, և միայն ԲՀԿ-ն էր ազնվորեն խոստովանել, որ չի մասնակցի քվեարկությանը:

Որպեսզի ոչ միայն ԲՀԿ-ն, այլ մյուս ոչ իշխանական խմբակցությունները ևս հնարավորություն ունենան դեմ չքվեարկել համաձայնագրին, խորհրդարանի նիստի հենց սկզբում բեմադրվեց թատերականացված ներկայացում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս համաձայնագրի քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց:

Այդ ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ-ական պատգամավորների սեղաններից վերցրեց նրանց քվեարկության քարտերը: Երբ պատգամավորներն ընդմիջումից հետո վերադարձան դահլիճ, հայտնաբերեցին, որ իրենց քարտերը չկան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե քանի որ քվեարկությունն էլեկտրոնային եղանակով հնարավոր չէ իրականացնել, այն կիրականացվի ոչ էլեկտրոնային եղանակով` ձեռքերը վեր բարձրացնելու միջոցով: Իրենց ընդդիմություն հմարող որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ ՀՀԿ-ն քվորում չունի:

Օրինակ` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանի դահլիճի ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների համար նախատեսված հատվածում 65 մարդ է նստած: Երբ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց քվեարկություն սկսելու մասին, ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների անդամ պատգամավորները լքեցին Նիստերի դահլիճը: Եթե ընդդիմության ներկայացուցիչներն իսկապես վստահ էին, որ խորհրդարանական մեծամասնությունը չի կարող քվորում ապահովել, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ նրանք մնային դահլիճում և մասնակցեին ձայների հաշվմանը, և ոչ թե թողնեին, որ ՀՀԿ-ականները և՛ քվեարկեն, և հաշվեն:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հաշվելով վեր բարձրացված ձեռքերը` ԱԺ նախագահին հայտնեց, որ համաձայնագրի վավերացմանը կողմ են քվեարկել 77 պատգամավոր (ավելի ուշ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ձայների հաշվման ժամանակ տեղի է ունեցել թյուրիմացություն և համաձայնագրի վավերացմանը կողմ քվեարկած պատգամավորերի թիվը ոչ թե 77, այլ 72 է):

Դուրս գալով Նիստերի դահլիճից` ոչ իշխանական չորս խմբակցությունները տարածեցին համատեղ հայտարարություն, ըստ որի` համաձայնագիրը վավերացված չէ: Նման պնդում անելու համար նրանք հղում են կատարում ԱԺ Կանոնակարգ-օրենքի 24.5 հոդվածին, ըստ որի` հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք այսօր ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ են վերցնելու ՍԴ դիմելու համար:

Բայց ՍԴ դիմելու մասին հայտարարության մեջ ոչինչ ասված չէր:
Դեռևս մեկ շաբաթ առաջ էինք գրել, որ ԱԺ Կանոնակարգ-օրենքի շրջանակներում իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցությունները չեն կարող դեմ քվեարկել Ռուսաստանի համար անհրաժեշտ համաձայնագրին, չեն կարող դեմ լինել, որ Ռուսաստանի ունեցվածքը Հայաստանում ընդարձակվի:

Չեն կարող դեմ քվեարկել, քանի որ նրանք պայքարում են ոչ թե հանուն Հայաստանի սուվերեն իրավունքների պաշտպանության, այլ հանուն իշխանության: Հայաստանի կողմից ՄՄ մտնելու որոշումից հետո, առավել քան պարզ է, որ Հայաստանում իշխանության աղբյուրը Ռուսաստանն է:

Հենց այդ պատճառով այս խմբակցություններն իրենց գործունեությամբ պետք է Ռուսաստանին ցույց տան, որ ի տարբերություն գործող իշխանության, որը մանևրում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, իրենք պատրաստ են նվիրվել Ռուսաստանին անմնացորդ և առանց Եվրոպայի հետ խաղեր տալու: Եթե նրանք դեմ քվեարկեին այս համաձայնագրի վավերացմանը, հնարավոր է` վերջակետ դնեին իրենց քաղաքական կարիերային: Քանի որ Հայաստանում ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը նշանակվում է Ռուսաստանի կողմից:

Ի՞նչ կլիներ, եթե այս համաձայնագրի դեմ խոսող պատգամավորները մնային դահլիճում և դեմ քվեարկեին համաձայնագրի վավերացմանը: Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները միասին ունեն 53 պատգամավոր: Նրանց հետ բոյկոտին մասնակցեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Եթե նրանք նույնպիսի միասնականությամբ դեմ քվեարկեին, ապա կստացվեր, որ Հայաստանի խորհրդարանի 54 պատգամավորներ դեմ են նման խայտառակ դրույթներ պարունակող համաձայնագրին: Արդյունքը կլիներ ոչ թե` 72 կողմ և ոչ մի դեմ, այլ` 72 կողմ և 54 դեմ: Կարո՞ղ է որևէ մեկն ասել, որ 72 կողմ, 54 դեմն ավելի լուրջ և ազդեցիկ նշան չէ, որ Հայաստանի խորհրդարանում այս համաձայնագրի վավերացումն անցել է լուրջ դիմադրության պայմաններում:

Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները փորձում են համոզել, որ բոյկոտելով խորհրդարանի նիստը` ոչ իշխանական ուժերը հասել են նրան, որ այդ քվեարկությունը և դրա արդյունքը դարձել է անօրինական: Նման պնդումները ոչ մի հիմք չունեն. քվեարկությանն իսկապես մասնակցել է 72 պատգամավոր, և նրանք բոլորը ձեռք են բարձրացրել` հօգուտ այդ որոշման կայացման, հօգուտ այդ համաձայնագրի վավերացման: Մասնակցե՞լ են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները ձայների հաշվմանը, թե դուրս են եկել Նիստերի դահլիճից, երկրորդական նշանակություն ունի:

Կա տեսագրություն, որտեղ 72 հոգի ձեռք է բարձրացնում: Սա միանգամայն բավարար է քվեարկության արդյունքը լեգիտիմ համարելու համար: Եթե իսկապես չորս խմբակցություններ ստորագրահավաք կազմակերպեն և դիմեն ՍԴ, ապա նույնաբովանդակ վճիռ կկայացնի նաև Սահմանադրական դատարանը: ՍԴ-ն իր վճռով ևս մեկ անգամ կլեգիտիմացնի այս քվեարկությունը:

Այսպիսով արձանագրենք, որ տեղի ունեցած փայլուն բեմականացման շնորհիվ` բոլորը լուծեցին իրենց խնդիրը. իշխանական մեծամասնությունը` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը վավերացրեցին համաձայնագիրը, ընդ որում, միաձայն քվեարկությամբ, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» փրկեցին իրենց դեմքը. ճիշտ է, նրանք դեմ չքվեարկեցին վասալային և ստրկական համաձայնագրին, բայց հերոսաբար բոյկոտեցին ԱԺ նիստը:

Տեսանյութեր

Լրահոս