Մանդատներից հրաժարվեն, որ ի՞նչ անեն
Դեկտեմբերի 23-ն, ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի պատմության մեջ գրվելու է սև տառերով: Այդ օրը սերունդները հիշելու են՝ որպես Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը հանձնելու/վաճառելու տարելից:
Բայց մինչ այսօր իշխանությունը ձեռքերով (բառի ուղիղ իմաստով) վավերացնում էր Հայաստանը «Գազպրոմին» հանձնելու ամոթալի համաձայնագիրը, խորհրդարանական ընդդիմությունն էլ հերոսանում էր այդ քվեարկության էլեկտրոնային ձևը տապալելով ու «ձեռքով քվեարկությունը» ՍԴ-ում վիճարկելու ի սկզբանե տապալված հնարավորությունը՝ որպես հաղթանակ ներկայացնելով, ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներն ընդդիմությունից պահանջում էին վայր դնել մանդատները:
Խորհրդանշական է, որ, եթե ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցները գոնե ձևականորեն կոչ էին անում ՀՀԿ-ականներին կողմ չքվեարկել այդ ստորացուցիչ համաձայնագրին, նրանցից պահանջում էին չդիմել այդ դավաճանությանը, ապա այսօր իշխանություններին ուղղված պահանջներ գրեթե չէին հնչում:
Այսինքն՝ մարդիկ վերջնականապես հասկանում ու համոզվում են, որ գործող իշխանությունից որևէ բան պահանջելը ժամանակի անիմաստ վատնում է: Բայց հետաքրքիր է, թե ինչ պատասխանի էին արժանանում ընդդիմությանն ուղղված պահանջները: Մինչ ընդդիմադիր պատգամավորները լրատվամիջոցներում շտապում էին բացառել մանդատները վայր դնելու հնարավորությունը, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի երիտասարդ ակտիվիստներն այդ պահանջները որակում էին՝ որպես սադրանք, որպես իշխանությանը ձեռնտու քայլ:
Թե ինչո՞վ է իշխանությանը ձեռնտու, որ ԱԺ-ում ընդդիմություն չլինի, դժվար է բացատրել: Հատկապես, երբ խոսքն այնպիսի ընդդիմության մասին է, որն անգամ 100 տոկոսանոց ներկայության դեպքում չի կարող որևէ կերպ ազդել իշխանության կողմից ցանկացած որոշման կայացմանը:
Մնացածը՝ քննադատական ելույթները, դեբոշները, քվեարկության քարտեր գողանալը և այլն, ոչ թե քաղաքականության, այլ էսթետիկայի ժանրից են: Հենց այդ նույն էսթետիկ ժանրում ընդդիմության այդ գործունեությունը մեծապես օգնում է իշխանություններին՝ միջազգային տարբեր կառույցներին ու գործիչներին ցուցանել, թե որքան ժողովրդավար ու բազմակարծության ինչպիսի դոզայով լի երկիր է Հայաստանն՝ ի դեմս իր խայտաբղետ խորհրդարանի:
Այսինքն՝ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը, առաջին հերթին, նշանակում է՝ իշխանությանը զրկել ժողովրդավարության իմիտացիայի հնարավորությունից, իսկ ընդդիմադիրներին՝ նախ և առաջ՝ դադարել այդ իմիտացիայի գործիքը լինելուց: Ակնհայտ է, որ խորհրդարանն այն տեղը չէ, որտեղ հնարավոր է քաղաքական որոշումներ պարտադրել իշխանությանը, առավել ևս՝ փոխել նրան, ինչը, ի դեպ, ներկայիս ընդդիմադիրները 2012 թվականի ԱԺ ընտրություններում ներկայացնում էին որպես խոստում ու որպես իրենց՝ խորհրդարան գնալու միակ դրդապատճառ:
Իշխանություններին խորհրդարան գնալով փոխել, բնականաբար, հնարավոր չեղավ, փոխարենը՝ զգալիորեն փոխվեց ընդդիմությունը, որի համար փողոցն այլևս դարձել է նույնքան ատելի, որքան իշխանությունների համար: Մինչդեռ ակնհայտ է, որ Հայաստանում որևէ հարց կարող է լուծվել միայն ու բացառապես փողոցում՝ հանրային ճնշման միջոցով իշխանություններին ինչ-որ բան պարտադրելու ճանապարհով:
Ընդդիմադիրներն, իհարկե, գտել են այդ հարցի պատասխանը. հասարակությունը փողոց դուրս չի գալիս, ապատիայի մեջ է, հենց փողոց դուրս եկավ՝ մենք կառաջնորդենք: Իրականում սա, իհարկե, անհեթեթություն է, քանի որ քաղաքականության կանոնները պահանջում են հակառակը: Այսինքն՝ ընդդիմությունը պետք է կարողանա ընդվզող քաղաքացիների համար փողոց դուրս գալու պայմաններ ստեղծել, որպեսզի դա դարձնի իշխանությանը քաղաքական որոշումներ պարտադրելու միջոց:
Բայց ընդդիմությունը 2012 թվականից հետո կորցրել է փողոցի նկատմամբ հետաքրքրությունն ու կարողությունը: Եվ նրանից պահանջել վայր դնել մանդատները՝ նշանակում է՝ պահանջել ուղղակի հրաժարվել ԱԺ աշխատանքի գնալու և աշխատավարձ ստանալու հնարավորությունից: Ներկայիս ընդդիմադիրները, չնչին բացառություններով, գրեթե անդառնալիորեն կորցրել են փողոցի հետ կապը: Իսկ առանց դրա, մանդատներից հրաժարվելը, իսկապես, ինչ-որ իմաստով անիմաստ է դառնում:
Ու պատահական չէ, որ մանդատները վայր դնելու պահանջներին ի պատասխան՝ ընդդիմադիրների պատասխանը մոտավորապես հետևյալն էր. «Մանդատից հրաժարվենք, որ ի՞նչ անենք»:
Բնականաբար, այս ամենին գումարվում է նաև ընդդիմադիրների մեծ մասի վախը՝ առ այն, որ սա ԱԺ-ում հայտնվելու իրենց ամենավերջին շանսն է, և նրանք չեն ցանկանում «նաղդ մանդատը» փոխանակել «անորոշ հեղափոխության» հետ: Մանավանդ, երբ դրսում այսքան ցուրտ է, իսկ ԱԺ-ում՝ գոնե նիստերի օրերին, այդքան տաք: