Ադրբեջանն ընդօրինակում է զինծառայողներին հուղարկավորելու հարցում Թուրքիայի զինված ուժերի ունեցած փորձը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում պատրաստվել են հատուկ կանոններ՝ կապված զինծառայության ժամանակ զոհված և մահացած զինծառայողներին հուղարկավորելու հետ: Տվյալ հարցում ընդօրինակվել է Թուրքիայի զինված ուժերի ունեցած փորձը:
Կանոններում արտացոլված են մարտական-ծառայողական առաջադրանքներ կատարելիս մահացած զինծառայողների հուղարկավորության արարողության կազմակերպմանն առնչվող հարցեր: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Մինչ այժմ զինծառայողների հուղարկավորությունն իրականացվել է սովորական կարգով՝ չհաշված առանձին բացառությունները: Նոր կանոնների հաստատումից հետո կայազորներում ստեղծվելու են հատուկ ստորաբաժանումներ, որոնք կմասնակցեն հուղարկավորության արարողությանը:
Այդ ստորաբաժանումները, որոնց կազմի մեջ մտնելու են զինվորներն ու կին զինծառայողները, պահպանելու են հուղարկավորության արարողակարգին առնչվող հատուկ ծեսեր: Հուղարկավորություններն ու դրանց հետ կապված ծախսերը վճարելու է պետությունը:
Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի 20-ի դրությամբ, անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմել են 79 մարդ: Ի դեպ, սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե ադրբեջանական բանակը փոխում է իր ռազմական հանդերձանքը, որը նման է լինելու Թուրքիայի զինված ուժերի ռազմական հանդերձանքին: