Ադրբեջանական բանակը փոխում է իր հանդերձանքը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում պատրասվում են փոխել զինված ուժերի դաշտային հանդերձանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Bakı Tikiş Evi (ВТЕ) ընկերության նախագահ Ֆադաի Ռահիմովը:
Վերջինիս խոսքերով՝ նոր հանդերձանքը հնից տարբերվելու է իր դիզայնով, բարձր որակով և մի շարք այլ հատկանիշներով: Ներկայումս շարունակվում են նոր հանդերձանքի վրա տարվող աշխատանքները, ինչից հետո այն պետք է հաստատվի Պաշտպանության նախարարության կողմից և հայտնվի բանակում:
Ռահիմովը հավելել է, որ նոր հանդերձանքը պատրաստվում է Պաշտպանության նախարարության պատվերով: Նա մանրամասնել է, որ նոր հանդերձանքը պատրաստվում է թուրքական արտադրության գործվածքեղենից և նման է լինելու Թուրքիայի զինված ուժերի հանդերձանքին:
Այլ կերպ ասած՝ դա նման կլինի այն հանդերձանքին, որում շփման գիծ այցելելիս եղել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը: Ակնկալվում է, որ զինծառայողները նոր հանդերձանք կստանան 2014 թվականի ամռանը:
Միևնույն ժամանակ Զաքիր Հասանովը ստորագրել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուին բանակի շարքերից զորացրելու մասին հրամանը: Նշվում է, որ համապատասխան խնդրանքով Հասանովին դիմել էր հենց Սաբիրօղլուն: