Այս տարի անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստները կազմում են 79 մարդ. «Դոկտրինա»
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ Ադրբեջանի պաշտպանական ու անվտանգության ոլորտում կրած կորուստների քանակը կազմել է 79 մարդ: Այս մասին հայտնել է «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ կորուստներից 10-ը հանդիսացել են մարտական կորուստներ, իսկ 69-ը՝ ոչ մարտական կորուստներ: Բացի այդ, անհայտ պատճառներով մահացել է մեկ կուրսանտ:
9 մարդ մահացել է դժբախտ պատահարների հետևանքով (ջրախեղդ եղել, հոսանքահարվել, տանկի տակ ընկել, բարձր տեղից ընկնել, այրվել), 14-ը՝ զոհվել է ավտովթարներում, 13-ը՝ հիվանդություններից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններում, 3-ը՝ ուղղաթիռի կործանման հետևանքով, 3-ը՝ չպարզված հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 3-ը սպանվել են քաղաքացիական անձանց կողմից, 16 մարդ ինքնասպանություն է գործել:
Միևնույն ժամանակահատվածում վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ է ստացել 96 մարդ, որոնցից 3-ը պայթել են ականների վրա: