Բաժիններ՝

Վրաստանում հացադուլի դիմած բանտարկյալների քանակն անցել է 1000-ից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, Վրաստանի տարբեր կալանավայրերում հացադուլի դիմած բանտարկյալների քանակը կազմում է 1054 մարդ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարության մամլո ծառայությունը:

Հացադուլավորների հիմնական մասը պահանջում է ստեղծել Արդարդատության համակարգի թերությունների պարզման հանձնաժողով: 72 բանտարկյալի դեպքում էլ հացադուլը կապված է նրանց անհատական գործերի վերանայման հետ:

Վրաստանի ղեկավարությունը երկրի արդարադատության թերությունների գծով հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս նախորդ ձմռանը, սակայն դրանից հետո այդ հարցը մնացել էր բաց:

Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովի անդամները պետք է զբաղվեին ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների շուրջ նախորդ իշխանությունների ժամանակ կայացված դատավճիռների վերանայմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար Սոզար Սուբարին օրեր առաջ  հայտարարել էր, որ Վրաստանում հացադուլ է հայտարարել ավելի քան 900 բանտարկյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս