
Վրաստանում հացադուլ է հայտարարել ավելի քան 900 բանտարկյալ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում հացադուլ է հայտարարել ավելի քան 900 բանտարկյալ: Այս մասին հայտարարել է պատիժների իրագործման նախարար Սոզար Սուբարին: Հացադուլին մասնակցող բոլոր բանտարկյալներն էլ ազատազրկում են կրում Արևմտյան Վրաստանի թիվ 14 ուղղիչ հիմնարկում:
Հացադուլավորները դժգոհ են նրանից, որ դադարեցվել են վրացական արդարադատության թերությունների գծով հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Երկրի ղեկավարությունը դրա ստեղծման մասին հայտարարել էր դեռևս նախորդ ձմռանը, սակայն դրանից հետո այդ հարցը մնացել էր բաց:
Ենթադրվում էր, որ այդ հանձնաժողովի անդամները պետք է զբաղվեին ծանր և առանձնակի ծանր հանցագործությունների շուրջ նախորդ իշխանությունների ժամանակ կայացված դատավճիռների վերանայմամբ:
Սուբարին հայտարարել է, որ հացադուլավորների մի մասը պահանջում է վերացնել 223-րդ հոդվածի 1-ին կետը, որը Վրաստանում ներդրվել է «Վարդերի հեղափոխությունից» հետո: Այն նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ «գողական աշխարհին» պատկանելու համար:
Սուբարիի խոսքերով՝ կառավարությունը հանձնաժողովի հետ կապված հացադուլավորներին պատասխանել է, որ զբաղվում են տվյալ խնդրով, իսկ նրանք, ովքեր հացադուլ են անում՝ կապված 223-րդ հոդվածի 1-ին կետի վերացման հետ, զուր են դիմել այդ քայլին, քանի որ դա չի վերացվելու, դա է կառավարության քաղաքականությունը: