Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը ցրտին
Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտտեի վրա և այն դարձնում անպաշտպան: Այդ գործոններից են՝
- Սթրեսը
- Ոչ ճիշտ սնվելը
- Ցածր ֆիզիկական ակտիվությունը
- Էկոլոգիան
Հետևյալ պարզ, սակայն արդյունավետ խորհուրդները կօգնեն ձեզ ամրացնել իմունիտետը և զերծ մնալ սեզոնային գրիպներից և մրսածությունից:
Վիտամիններ
Բարձր իմունային համակարգի կարևոր պայմաններից է վիտամինների առկայությունը: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ցրտին վիտամիններ կարելի է ստանալ և դեղորայքային հաբերի տեսքով կամ գազարի, կաղամբի և նեխուրի հյութ խմելով: Հիշեցնենք, որ օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերն են՝ A, C, D, F, B5 վիտամինները, երկաթը, ցինկը, սելենը, մագնիումը, կալիումը:
Ակտիվ կենսակերպ
Մաքուր օդը, զբոսանքը նույնպես հարկավոր են իմունիտետը բարձրացնելու համար: Մաքուր օդը արյունը հարստացնում է թթվածնով, զբոսանքը հեռացնում է էմոցիոնալ լարվածությունը և ամրացնում նյարդային համակարգը: Սա շատ կարևոր է, քանի որ սթրեսը և ներքին անհանգստությունը մշտական հիվանդությունների հիմնական պատճառն են:
Կոնտրաստային ցնցուղ
Այս մեթոդը բավականին պարզ և հասանելի միջոց է բոլորի համար: 20 վայրկյան սառը ցնցուղ ընդունելուց հետո, ընդունեք տաք ցնցուղ (20 վայրկյան): Այս գործընթացը թեև տևում է 10-15 րոպե, սակայն խթանում և բարելավում է արյան շրջանառությունը: Կարելի է սաունայի գնալ՝ դրանից հետո ընդունելով սառը ցնցուղ:
Էխինացեայի լուծույթ
Էխինացեան այն օգտակար բույսերից է, որը արդյունավետ կերպով բարձրացնում է օրգանիզմի պաշտպանողականությունը: Խորհուրդ է տրվում սնվելուց առաջ էխինացեայի լուծույթ ընդունել՝ օրը 2-3 անգամ:
Այս լուծութը հարուստ է նաև վիտամին С-ով: Էխինացեայի լուծույթին կարող է փոխարինել նաև երիցուկի թուրմը:
Էմոցիաների հսկողություն
Նյարդային լարվածությունը ոչ միայն հարբուխի, այլև բազմաթիվ հիվանդությունների պատճառն է: Հանգստացնող երաժշտությունը, վիտամինացված թեյը՝ կիտրոնով և հաղարջով, 7-8 ժամյա քունը ապահովում են հոգեկան հավասարակշռվածությունը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ