Պատիժն ազատությո՞ւնն է, թե՞ ազատազրկումը
Երկու տարին դեռ չլրացած Համլետը ծնված օրից ուղիղ մեկ տարի ապրելով «դոմիկի» անտանելի պայմաններում՝ ցրտից թոքաբորբով հիվանդացել է: Փոքրիկն Աշտարակի Կոշ գյուղում գտնվող վագոն-տնակում ապրել է ծնողների ու քրոջ հետ, ովքեր, չգիտակցելով երեխային սպառնացող վտանգը, փորձել են «տնային» պայմաններում երեխային ոտքի կանգնեցնել: Երեխայի էլ ավելի վատ ինքնազգացողությունը ծնողներին ստիպել է անմիջապես զանգահարել շտապօգնության ծառայություն:
Մայրը՝ Անահիտը, վստահեցնում է, որ երեխային անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է` «դոմիկի» պայմանները երեխայի առողջության վրա մեծ հետք են թողել: «Դա պատճառ դարձավ, որ վարձով տուն փնտրենք, որովհետև դոմիկային պայմաններում անհնար ա առողջ մնալ: Եկանք էստեղ ու, մեկ տարի ա, ինչ 40.000 դրամանոց էս սենյակում մի կերպ գոյատևում ենք»,- ասում է երկու երեխաների մայր Անահիտ Աղանյանը:
«Դոմիկի» բնակիչներն, արդեն մեկ տարի է, ապրում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի 2/14 հասցեում գտնվող մի շինության մեջ, որը նախկինում հասարակական բաղնիք է եղել, սակայն այսօր դրա սեփականատերերը սենյակները վարձակալությամբ հատկացնում են Անահիտենց նման մի կերպ գոյատևող ընտանիքներին:
«Դոմիկից» նախկին բաղնիքի շենք տեղափոխված ընտանիքը, սակայն, այսօր կրկին «դոմիկ» է փնտրում՝ անգամ երեխայի առողջության գնով: Ասում է. «Ախր չենք կարողանում 40.000 դրամ վարձը հասցնել: Հավատացե՛ք, որ ամուսինս ամբողջ օրը բանվորություն անելով` ստացածը հազիվ հասցնում ա վարձին: Կարելի ա ասել՝ հացից զրկվում, տալիս ենք օթևանի համար: Ո՞նց անենք… Դոմիկում ապրելիս վարձ չէինք տալիս, հազիվ գոյատևում էինք, իսկ էստեղ էլ՝ վարձը տալիս ենք, չենք կարողանում ապրել: Աչքներս շատ վախեցավ երեխայի հիվանդությունից, պատկերացրե՛ք, հիմա օրերով վախից դուրս չեմ հանում, որ հանկարծ չմրսի, բայց նորից հիմա կարամ ասեմ՝ երազում ենք մի քոլիկում դոմիկ ճարենք, մենակ թե՝ հացի փողը վարձ չտանք»։
Անահիտը, միևնույն ժամանակ, նշում է, որ չեն կարող վերադառնալ Աշտարակի Կոշ գյուղ, որովհետև ամուսինը Երևանում է աշխատում, իսկ այնտեղ համատարած գործազրկություն է:
Երեխաների հայրը՝ Հայկազը, ընտանիքին մի կտոր հաց հասցնելու համար ամեն աշխատանք կատարում է՝ շինարարության վրա բանվորություն է անում, աղբ է թափում, ավազի, ցեմենտի պարկեր է տեղափոխում, բայց ստացած չնչին աշխատավարձի մեծ մասը վարձակալած սենյակի դիմաց է վճարում: Անահիտը հիմա ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է փոքրիկ Համլետի խնամքը պատշաճ կազմակերպելու վրա, բայց աղջիկը՝ 20 տարեկան Անին, ընտանիքի հոգսը թեթևացնելու համար աշխատանք է փնտրում:
Օրեր առաջ մայր ու աղջիկ սուպերմարկետներում շրջելով` աշխատանք են խնդրել, սակայն գործատուները հավանաբար Անիին այնքան էլ բարետես չեն համարել: Անին հավատացնում է, որ ցանկացած առևտրի կետում կամ ցանկացած աշխատանք կկատարի, միայն թե ընտանիքը կրկին չհայտնվի «դոմիկում»:
Անահիտն ու Հայկազն անգամ չեն դիմել Սոցիալական աջակցության գրասենյակ՝ աղքատության նպաստ ստանալու իրավունքից օգտվելու համար, որովհետև չեն հավատում պետությանը: «Ես մի տեսակ չեմ հավատում, որ պետությունը, բարեգործական կազմակերպությունները, թաղապետարանը մեզ համար որևէ բան կանի:
Որ ճիշտն ասեմ՝ երբեք չեմ հավատացել: Միշտ մտածել եմ, որ էդ կառույցները հենց էնպես ոչինչ չեն անում: Շատ են ասում՝ դիմի «Փարոսի» գրասենյակ, բայցգ Մենք միշտ մեր հույսը դրել ենք մեր վրա ու ոչ մեկից ոչինչ չենք սպասել: Մեր հարևանը դիմել էր ձեր խմբագրություն, ու սեփական աչքերովս տեսա, թե ինչքան բարի մարդիկ կան, որոնք եկան, ձեռք մեկնեցին իրանց: Որ տեսա` համ շատ ուրախացա, որ մեր պետության մեջ էդքան լավ, բարի, կամեցող մարդ կա, համ էլ, ինչպես ասում են, աչքս տեսավ, որ որոշ մարդիկ կարան անշահախնդիր ուրիշ մարդկանց ձեռք մեկնեն: Գիտե՞ք՝ ինչի ձեզ խնդրեցի, որ գաք մեզ մոտ. հարևանիս որ տեսա՝ սիրտս լցվեց: Ուզեցի՝ ես էլ զգամ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով»,- հուզված ասում է Անահիտն ու շնորհակալություն է հայտնում, որ՝ «չալարեցիք ու էս ցրտին մեր նման անտեսված մի ընտանիքի խնդրանքը չմերժեցիք: Մեզ լսելն արդեն մեծ օգնություն ա»:
Անահիտը զարմանում է, թե ինչքան նոր շենքեր են կառուցվում այսօր Երևանում, բայց միաժամանակ` բնակչության զգալի մասն ապրում է վարձակալած բնակարաններում: Հատկապես, երբ կառուցվող շենքերն ու բնակարաններն օր օրի արտագաղթող ժողովրդից կրկնակի շատ են: Երկու երեխաների մայրը հավատացնում է, որ ամանորյա տոներն իրենց նման ընտանիքների համար հոգս է, որին ոչ սպասում են, ոչ էլ՝ պատրաստվում:
Հայկազը երկու տարի անցկացրել է կալանավայրում: Անահիտն ասում է՝ ազատազրկման պատճառը եղել է ընկերոջ գողացած ապրանքը, որը նա վաճառել էր Հայկազին: Հիմա նա ազատության մեջ է, որտեղ պետությունն իրեն չի կերակրում, չի տաքացնում և չի ազատազրկում: Պետությունը հիմա Հայկազին տվել է ազատություն, որտեղ, սակայն, վերջինս իր տեղը փնտրում ու չի գտնում: «Դոմիկից» տեղափոխվում է վարձակալած սենյակ, իսկ սենյակից ուզում է տեղափոխվել «դոմիկ»: Պետության տված ազատության մեջ Հայկազն ընտանիքի կողքին է, որի մասին հոգ տանելու համար աղբ է թափում, բանվորություն է անում, ավազ, ցեմենտ է կրում, բայց ընտանիքը կրկին փախչելու տեղ է փնտրում: Ու Հայկազի համար հավանաբար անհասկանալի է՝ պետության ազատազրկո՞ւմը, թե՞ ազատությունն է պատիժ…