Մեր հույսն այն է, որ կողմերը կհամարեն, որ ձգձգվող հակամարտությանը կարգավորումն իրենց շահերից է բխում. Ուորլիք
Ադրբեջան, Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին:
«Ազատություն»․ – Դուք հանդիպեցիք երկու նախագահների հետ և Դուք մաքոքային դիվանագիտություն եք վարում, գնում եք, գալիս եք, Ձեր ժամանակը ծախսում եք նաև Լեռնային Ղարաբաղում: Վիեննայից և Կիևից հետո, ակնհայտորեն, նոր հույս կա, և ես առաջին անգամ տեսնում եմ Ձեր հայտարարություններում դրական տոն: Ո՞րն է դրա պատճառը: Կարո՞ղ եք մեզ բացատրել, թե ինչ է տեղի ունենում: Կա՞ ինչ-որ բան, որ մենք չգիտենք:
Ջեյմս Ուորլիք․ – Գիտեք, որ երկու նախագահները հանդիպեցին նոյեմբերի 19-ին Վիեննայում, և դա մի քանի տարվա մեջ առաջին անգամն էր, որ նրանք հանդիպեցին: Եվ լավ լուրը դրանից այն է, որ նրանք կառուցողական երկխոսություն ունեցան, և որ 90-րոպեանոց առանձնազրույցում, որին որևէ այլ մարդ ներկա չէր․․․
«Ազատություն»․ – 90 րոպե՞:
Ուորլիք․ – 90 րոպե․․․ Նրանք կարողացան լրջորեն զրուցել միմյանց հետ խնդիրների շուրջ և ավարտեցին զրույցը՝ երկուսն էլ հավատալով, որ կարող են աշխատել միմյանց հետ, և որ կա ճանապարհ դեպի առաջ: Եվ դա լավ լուր էր բոլորիս համար և անշուշտ լավ լուր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Եվ մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին: Եվ դա իրոք երկու նախագահների անելիքն է: Եթե նրանք ունեն այն կարգավորելու, միմյանց հետ աշխատելու և առաջ շարժվելու ճանապարհ գտնելու քաղաքական կամք, ապա դա տեղի կունենա, և Մինսկի խումբն էլ այստեղ է՝ գործընթացի դյուրացմանն օգնելու համար:
«Ազատություն» – Հետաքրքիր հայտարարություն Վիեննայի հանդիպումից հետո: Հայտարարությունում ասված է, որ երկու կողմերը, երկու նախագահները քննարկել են հարցերի լայն շրջանակ: Եվ սա առաջին անգամն է, որ մենք լսում ենք նման բան: Նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, ես չեմ խոսում 2012-ից հետո տեղ գտած դադարի մասին, նույնիսկ նախորդ հանդիպումների ժամանակ, որոնցում միջնորդի դեր էր ստանձնել [Ռուսաստանի նախագահ Դմիտրի] Մեդվեդևը, դուք չեք ունեցել նման հայտարարություն, թե նախագահները հարցերի լայն շրջանակ են քննարկել: Կասեի՞ք մեզ, եթե հնարավոր է, թե ինչ հարցեր են դրանք:
Ուորլիք – Անշուշտ, դա առանձնազրույց էր, հետևաբար՝ ես չգիտեմ բոլոր փաստերը: Սակայն նրանք, այո, զրուցել են ամենազգայուն խնդիրների շուրջ, և նրանք զրուցել են միմյանց հետ շատ անկեղծորեն, թե ինչ կպահանջվի կարգավորման ուղի գտնելու համար: Եվ դա կառուցողական է: Ես վստահ եմ, որ նրանք համաձայնության չեն եկել ամեն ինչի շուրջ, սակայն փաստը, որ նրանք ունեցան այս քննարկումը, որ նրանք հանձնարարեցին իրենց արտգործնախարարներին շարունակել քննարկումը, և որ նրանք հուսով են հանդիպել եկող տարվա սկզբին, շատ դրական քայլ է:
«Ազատություն» – Պարոն դեսպան, ո՞րն է ամենադժվարին խնդիրը այս քննարկումներում: Կարո՞ղ եք նկարագրել, գոնե ընդհանուր գծերով, թե որն է այդ հարցը ըստ էության:
Ուորլիք – Ինչպես գիտեք, կան մի շարք շատ դժվարին հարցեր, որոնց պետք է անդրադառնալ: Դա է պատճառը, որ այդ խոսակցությունը շարունակվում է արդեն 20 տարի հրադադարից հետո: Դրանք դժվարին խնդիրներ են, սակայն, իրոք, ես հավատում եմ, որ երկու կողմերը կարող են գտնել ճանապարհ դեպի առաջ, որը, իրոք, օգնի երկու կողմերին, որ երկու կողմերը կարող են տեսնել ճանապարհ դեպի առաջ՝ կարգավորում, որ, իրոք, ոչ մեկը չկորցնի և բոլորը շահեն: Եվ ինչպես ցանկացած բանակցության պարագայում այստեղ ևս մենք դա ենք ակնկալում: Ոչ թե որ ժողովուրդը՝ լինի Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի, զոհողություններ անի: Ոչ, մենք դա չենք խնդրում: Մեր հույսն այն է, որ կողմերը, բոլոր կողմերը կհամարեն, որ իրենց շահերից է բխում այս ձգձգվող հակամարտությանը երկարատև, խաղաղ կարգավորում գտնելը:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: