Նախախորհրդարանը գնում է համակարգային փոփոխության. ԳԱԼԱ
Նախախորհրդարանը հոկտեմբերից սկսել է իր մշակած ռազմավարական հայեցակարգի ոլորտների ներկայացումը: Ինչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ն, այսօր անդրադարձ է եղել սոցիալ-մշակութային ոլորտին, տեղի է ունեցել հանրային քննարկում: Նախախորհրդարանն այս ոլորտը համարում է երկրի զարգացման համար կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկը, որն անմիջականորեն կապվում է մշակութային արժեքների պահպանության խնդրի հետ: Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը ներկայացրել է հայեցակարգը, որը ներառում է մասնագիտական ներդրում ունենալ Հայաստանի ապագա ռազմավարության մշակման գործընթացում:
Նա խոսել է մշակույթի վրա ազդող բազամթիվ գործոններից, որոնցից մեկը ինտերնետն է: «Նայենք համաշխարհային համատեքստը, կհասկանանք, որ մշակույթի վրա ազդող մի քանի հզոր գործոններ կան, առաջինը տնտեսական ազատականացումն է, որը փոխել է մշակույթի դիրքը տնտեսապես զարգացած երկրներում, երկրորդը տեխնոլոգիացումն է, մեր աչքի առաջ տեղի ունեցավ ինտերնետի պայթյունը եւ հանգեցրեց տեղեկատվական հոսքերի, նոր որակի մշակույթի առաջացման»:
Խոսելով Նախախորհրդարանի քաղաքականության մասին՝ նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը կարևորել է մշակութային քաղաքականությունը՝ միաժամանակ ներկայացնելով կատարած քայլերն ու ուղղությունները: «Կարող եք ուսումնասիրել, թե ինչ կանխարգելիչ մեխանիզմներ պետք է մշակենք: Մեր գործունեությունը տարբեր ուղղություններով է միաժամանակ ընթանում: Ամենօրյա գործողություններ ենք կատարում, որոնք մեծամասամբ միտում ունեն կազմակերպչական իմաստով շարժումն իրականացնել: Ինչու կազմակերպչական, որովհետեւ չենք պատկերացնում արմատական փոփոխություն առանց համապատասխան կազմակերպված գործընթացների, այսինքն՝ խնդիրը միայն ռեժիմից ձերբազատվելը չէ, այլ այն, թե ռեժիմից ձերբազատվելուց հետո ինչպիսի համակարգ է գերիշխելու մեր երկրում, ուստի համարում ենք, որ հնարավոր է ձերբազատվել, որովհետեւ մեծ է մեր ժողովրդի ազդեցությունը: Սակայն եթե չկարողանանք կազմակերպվածություն ցուցաբերել, չենք կարող արմատական փոփոխություն իրականացնել: Մենք գնում ենք համակարգային փոփոխության»,-եզրափակել է Սեֆիլյանը:
Վարդուհի Արզումանյան
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղյուր կայքում