Երեք պատմություն քաղաքապետի մասին (ֆոտոշարք)

Այն ժամանակ, երբ մայրաքաղաքի ղեկավարին անվանում էին ոչ թե քաղաքապետ, այլ Երևանի Քաղխորհրդի գործկոմի նախագահ, և նրան ոչ թե ընտրում էին, այլ նշանակում, կար գնահատման մեկ բացարձակ չափանիշ` համաժողովրդական սերը: Քվեարկության որևէ արդյունք չէր կարող համեմատվել կամ չափվել այդ «ցուցանիշի» հետ: Հենց այդ սիրո ընտրության առավելագույն ձայներն արդարաբար վաստակած մարդկանցից մեկն էլ եղել ու մնում է Գրիգոր Հասրաթյանը, ով մեր մայրաքաղաքը ղեկավարեց 1962-1975 թվականներին: Նրա մասին շատ հետաքրքիր պատմություններ կան: Մենք կպատմենք ընդամենը երեքը, որ լսել ենք տարբեր առիթներով:

ԽՑԱՆՈՒՄՆԵՐ` ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎԵՐՈՎ
Զանազան պատմություններ կան այն մասին, թե ինչպես Հայաստանի իշխանություններին հաջողվեց Երևանում մետրոպոլիտենի կառուցման համաձայնություն ստանալ Մոսկվայից: Այդ պատմությունները լրացնում են մեկմեկու, բայց բոլոր դեպքերում անուրանալի է քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մասնակցությունը: Ահա դրանցից մեկը:
Ասում են` Հասրաթյանը սիրում էր կրկնել, որ եթե հարմար առիթն ինքնուրույն չի ներկայանում, ապա պետք է հնարամիտ լինել ու ստեղծել այն: Այդպես եղավ նաև Երևանի մետրոյի պարագայում: Լսելով այն մասին, որ աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնելու ԽՍՀՄ տրանսպորտի փոխնախարարը, քաղաքապետը դիմում է Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին` առաջարկելով ռուս պաշտոնյային հրավիրել նաև Երևան: Քոչինյանը հավանություն է տալիս և հրավերն ուղարկում է: Բարձրաստիճան հյուրին ընդունելու համար բոլոր նախապատրաստությունները ստանձնում է Հասրաթյանը: Ծրագրում ընդգրկվում է նաև երեկոյան զբոսանքը մայրաքաղաքի փողոցներում: Միայն թե այս անգամ փոխնախարարին վիճակված չէր վայելել երևանյան թափառումների ողջ հմայքը: Հասրաթյանը ջանացել էր նրա զբոսանքը վերածել տառապանքի: Քաղաքի ավտոտեսուչներին նախապես հանձնարարություն էր տրվել` այն փողոցներում, որտեղով պիտի անցներ Մոսկվայի ներկայացուցիչը, արհեստական խցանումներ ստեղծել: Իսկ վարորդն իր հերթին` ստացել էր հատուկ մշակված երթուղին, համաձայն որի` հաճախակի պիտի հատեին այնպիսի ճանապարհներ, որոնցով երկաթգիծ էր անցնում, և այդ հատումը պիտի համընկներ այն պահերի հետ, երբ ուղեփակոցներն իջեցված էին: Մի խոսքով, դա զբոսանք չէր, այլ չարչարանաց գիշեր:
Առավոտյան նյարդայնացած փոխնախարարն ինքն է մտնում Քոչինյանի աշխատասենյակ ու միանգամից վրա տալիս. «Անտոն Երվանդովիչ. այս ի՞նչ է կատարվում ձեր մայրաքաղաքում: Ուղղակի անհնար է դարձել հանգիստ երթևեկելը: Երևանին շտապ մետրոպոլիտեն է անհրաժեշտ…»:
Գրիգոր Հասրաթյանն այդ պահին իրավունք ուներ վայելելու իր մտահղացման փայլուն հաղթանակը:

011

014 001 006

ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԹԱՔՆՎՈՂՆԵՐԻՑ ՉԷՐ
1960-ականներին վերափոխվող Երևանը չէր կարող խուսափել այնպիսի երևույթից, ինչպիսին էր հին թաղամասերի և տների վերացումն ու դրանց փոխարեն` նորերի կառուցումը: Հասկանալի է, որ, ինչպես այսօր, այն տարիներին ևս մարդիկ դժվարությամբ էին համակերպվում իրենց նախկին տներից հրաժարվելու, նոր բնակության վայր տեղափոխվելու մտքի հետ: Սա էլ իր հերթին` դժգոհության, անհամաձայնության մթնոլորտ էր ձևավորում, որի առաջին հասցեատերը քաղաքապետն էր: Սակայն Գրիգոր Հասրաթյանն այն մարդկանցից չէր, ովքեր թաքնվում էին որոշումների, վճիռների, կարգադրությունների թիկունքում: Եվ ահա մի գեղեցիկ օր երևանցիներն ականատես եղան տեսարանի, որն այն ժամանակների համար պարզապես երևակայությունից դուրս էր: Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հսկա ցուցատախտակի վրա տեղադրվել էր քաղաքի վերափոխման նոր նախագիծը, և Հասրաթյանն անձամբ անցորդներին, հավաքված մարդկանց պարզաբանումներ էր տալիս այդ մասին: Բուռն քննարկում էր, երբեմն շատ կտրուկ որակումներով, սակայն դա Երևանը սիրողների և քաղաքի ապագայով մտահոգվածների բանավեճ էր: Քաղաքապետը չէր եկել առարկելու, այլ` բացատրելու, հիմնավորելու, համոզելու: Եվ մարդիկ գնահատեցին Հասրաթյանի խիզախությունը:
Հետագա օրերին Հասրաթյանի նախաձեռնությունն էլ ավելի մեծ ընդգրկում ունեցավ: Առևտրի կետերի պատուհաններին, հասարակական վայրերում սկսեցին փակցվել Երևանի այս կամ այն հատվածում նոր շինարարություններ իրականացնելու նախագծերը: Բոլոր արձագանքները հոսում էին դեպի քաղաքապետարան: Վաղվա Երևանի ծրագրերը մշակվում էին` դրանք հաշվի առնելով:

007 002

Հասրաթյանը դիտում է նոր շինարարության վայրը

015 008

ԽՈՇՈՐ ՇԱՀՈՒՄ` ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀԱՄԱՐ
2007 թվականի գարնանը նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ զրուցում էինք Պարույր Սևակի մասին: Նկարիչը հետաքրքիր դեպքեր էր պատմում իր բանաստեղծ ընկերոջ կյանքից: Հետո ստացվեց այնպես, որ զրույցի ընթացքում անդրադարձանք Սևակի ողբերգական մահվան հանգամանքներին: Մասնավորապես, խոսում էինք այն մասին, որ նա մեքենա վարել չգիտեր, սակայն միշտ երազում էր ձեռք բերել: Եվ ահա 1970-ի տարեվերջին վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Ստորև ներկայացնում ենք Սարգիս Մուրադյանի խոսքի ձայնագրության սղագրությունը.

005

Մարտիրոս Սարյանի հետ

004

Հասրաթյանը՝ Երվանդ Քոչարի արվեստանոցում

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում` իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի` գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց, որ ինձ Չանախչի տանի: Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք. «Իհա՛րկե լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիծաղեց, թե` ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

– Կուզե՞ս` հենց այս պահին ճշտեմ:
Զանգահարեցի Երևանի Քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանին և հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ Ձեզ մոտ»: Ասաց. «Աչքիս վրա, իհա՛րկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ` վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ գնալ ու վերցնել»: Մենք անակնկալի եկանք: Ո՞ւմ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել: Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց` ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց: Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղին: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք գյուղում, ու Պարույրն էլ վարել սովորեր: Ճանապարհին կատակում էինք, որ թեև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ…»:

003

Հասրաթյանը՝ Հովհաննես Չեքիջյանի հետ, Գառնիում

010 009

Արվեստագետների հետ
ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս