ՌԴ-ը կարող է Ուկրաինայի համար զեղչել իր գազի գինը՝ Ղրիմում իր համար ավելի շահավետ պայմանների դիմաց. Reuters
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի համար զեղչել իր գազի գինը, եթե Կիևը համաձայնվի առավել շահավետ պայմաններ տրամադրել ռուսական կողմին՝ կապված Ղրիմում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մնալու հետ:
Այս մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Աղբյուրի խոսքերով՝ Ուկրաինայի համար ռուսական գազի գնի զեղչման մասին պայմանավորվելը բարդ է առանց Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամակցելու, սակայն դա հնարավոր կլինի, եթե Կիևը նավատորմի հարցում իրական զիջումներ անի Մոսկվային:
2010 թվականին Ուկրաինան համաձայնվել էր երկարաձգել Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի բազավորման ժամկետը՝ գազի գնի նվազեցման դիմաց: Աղբյուրը կարծում է, որ ներկայումս եթե Կիևն առաջարկի առավել շահավետ պայմաններ, ապա գործարքը տեղի կունենա:



