Դատավորները վիրավորվել են ՄԻՊ-ի զեկույցից՝ այն որակելով «հակապետական»
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը: Նման հաղորդագրություն է տեղադրվել ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի կայք-էջում։
Ըստ նույն աղբյուրի, Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.
• հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը
• զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
• պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
• զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
• Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)
• Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը հանդես է եկել արտահերթ զեկույցում՝ հայտարարելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են թե՛ Վճռաբեկ դատարանի և թե՛ Արդարադատության խորհրդի կողմից կիրառված երկակի ստանդարտները, որոշ դեպքերում նաև դրանք զուգորդված են եղել օրենքի խախտումներով, անդրադարձել կոռուպցիոն մեխանիզմներին։
Ըստ ՄԻՊ-ի, դատական ատյաններում կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանի դատարանում՝500-1000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում 2000-15 000, իսկ Վճռաբեկ դատարանում՝ 10 000-50 000 ԱՄՆ դոլար: