
Պենտագոնը կարող է մասնակցել ԿԱՀ-ում ֆրանսիացի ու աֆրիկացի զինծառայողների գործողություններին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը կարող է մասնակցել ԿԱՀ-ում ֆրանսիացի ու աֆրիկացի զինծառայողների գործողություններին՝ միջազգային կոնտինգենտին լոգիստիկ աջակցություն հայտնելով:
Նշվում է, որ Պենտագոնը դիմում է ստացել ԿԱՀ-ում իրականացվող միջազգային գործողությանն աջակցելու մասին: ԱՄՆ-ն այժմ կարող է ցուցաբերել նույնպիսի օգնություն, ինչպես որ եղել է այս տարի, երբ ֆրանսիական զորքերը Մալիում պայքարում էին «Ալ-Քաիդայի» զինյալների դեմ:
Այդպիսի դեպքում խոսքը կարող է գնալ զինծառայողների ու բեռների օդային փոխադրումների, ինչպես նաև հետախուզական տվյալների տրամադրման մասին: Նախորդ շաբաթ ՄԱԿ ԱԽ-ը բանաձև էր ընդունել, որով արտոնվել էր 1200 ֆրանսիացի և 3600 աֆրիկացի զինծառայողների ուղարկումը ԿԱՀ: