
Պենտագոնի ղեկավարը ժամանել է Պակիստան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելն այսօր պաշտոնական այցով ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ: Ակնկալվում է, որ այստեղ նա քննարկելու է ԱՄՆ-ի ու Պակիստանի միջև համագործակցության հարցը՝ կապված Աֆղանստանում խաղաղություն հաստատելու հետ:
Պակիստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Հեյգելը քննարկելու է նաև երկրի տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումների հարցը: Հեյգելն Իսլամաբադ է ժամանել Քաբուլից, ուր նա հանդիպել է Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի հետ:
Պակիստանյան այցի շրջանակներում Պենտագոնի ղեկավարը պետք է հանդիպի պակիստանյան բանակի նոր հրամանատար, բանակի գեներալ Ռահիլ Շարիֆի ու երկրի վարչապետ Նավազ Շարիֆի հետ: Հեյգելի պակիստանյան այցը դարձավ վերջին չորս տարիներին Պենտագոնի ղեկավարի առաջին այցը Պակիստան:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Պակիստանի հարաբերությունները որոշակիորեն սրվել են՝ կապված Պակիստանի հյուսիս-արևմուտքում ամերիկյան ԱԹՍ-երի կողմից ենթադրյալ ահաբեկիչներին հարվածներ հասցնելու հետ: