
Այս անգամ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են կոնկրետ հարցեր. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվարի վերջին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Անդրադառնալով Կիևում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը՝ Մամեդյարովը հայտարարել է. «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել բանակցություններն այնտեղ համաձայնեցված մի շարք պահերի հիման վրա:
Նալբանդյանի հետ հանդիպումն անցավ տետ-ա-տետ ձևաչափով, իսկ հետո՝ ընդլայնված կազմով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք շարունակեցինք այդ պահերի քննարկումը և պայմանավորվեցինք, որ Հայաստանի արտգործնախարարը նախագահին իրազեկելու է անցկացրած հանդիպման արդյունքների և մեր դիրքորոշման մասին, ես նույնպես նախագահին իրազեկելու եմ հանդիպման արդյունքների ու Հայաստանի դիրքորոշման մասին:
Տվյալ հանդիպումը նախորդ հանդիպումներից տարբերվել է նրանով, որ դրանում քննարկվել են կոնկրետ հարցեր: Երեկվա բանակցություններում մենք շոշափել և քննարկել ենք կոնկրետ հարցեր: Կարող եմ ասել, որ Կազանի հանդիպումից (24.06.2011) հետո չեն քննարկվել կոնկրետ հարցեր:
Իսկ երեկ մենք շոշափել ենք կոնկրետ հարցեր, որոնց մասին ես դեռ չեմ կարող բարձրաձայնել: Մեր հանդիպումը տևել է 4 ժամից ավելի: Չեմ կարող ասել, թե եկել ենք որևէ համաձայնության, քանի որ մենք ունենք մեր դիրքորոշումը, իսկ Հայաստանը՝ իր: Սակայն մենք շարունակում ենք քննարկումները:
Դեկտեմբերի 16-ին համանախագահները վերստին կայցելեն տարածաշրջան, և մենք նրանց կտանք մեր պատասխանը: Հավանաբար, հաջորդ տարվա հունվարի վերջին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը»: