ԿՀՎ-ը տեղեկատվություն է հավաքում ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստների մասին. մամուլ
Ադրբեջանական virtualaz.org կայքը, վկայակոչելով occupy.com կայքը, հայտնում, է, որ սերբական «Պատասխան» շարժման առաջնորդ Սրջա Պոպովիչը, որի օգնությամբ ԱՄՆ-ը 2000 թվականին տապալել է Սլոբոդան Միլոշևիչի վարչակարգը, տեղեկատվություն է հավաքում Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստների մասին և դա վաճառում է ամերիկյան հետախուզությանը:
Միլոշևիչի վարչակարգի տապալման մեջ առանցքային դեր խաղացած այդ շարժման նախկին ակտիվիստների մի մասը 7 տարի առաջ Բելգրադում հիմնադրեց «Ոչ բռնի ակցիաների ու ռազմավարության կիրառման կենտրոն» (CANVAS), որը զբաղված է «խաղաղ հեղափոխությունների արտահանմամբ» և համագործակցում է աշխարհի 43 երկրի կազմակերպությունների հետ:
Երիտասարդական բողոքի արտահանմամբ զբաղվեցին կազմակերպության նախկին անդամներ Իվան Մարովիչը և Սրջա Պոպովիչը: Սերբիայում ստանալով «գունավոր հեղափոխության» փորձ՝ նրանք որոշեցին, որ հեղափոխության արտահանումը հիանալի բիզնես է և միջազգային շուկայում առևտրային բացառիկ առաջարկ:
Այսօր CANVAS-ը՝ որպես փորձագիտական կազմակերպություն, գործում է աշխարհի բազում երկրներում՝ Եգիպտոս, Պաղեստին, Արևմտյան Սահարա, Արևմտյան Պապուա, Էրիթրեա, Բելառուս, Ադրբեջան, Տոնգա, Մյանմար, Զիմբաբվե:
Սրջա Պոպովիչն ընդդիմադիր ակտիվիստների մասին տեղեկատվություն է հավաքել այդ երկրներում և մասնավորապես Ադրբեջանում, և գաղտնի դրանք վաճառել է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական մասնավոր ընկերությանը, որին հաճախ անվանում են «ստվերային ԿՀՎ»:
Փաստացիորեն Սրջա Պոպովիչը Stratfor-ի համար ամբողջական տեղեկատվական բազա է հավաքել համայն աշխարհի ընդդիմադիրների մասին: Կան կարծիքներ, որ Ադրբեջանում փակված «Ազատ մտածելակերպ ինստիտուտը» սերտորեն համագործակցել է CANVAS-ի հետ և Պոպովիչին է տրամադրել Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստների մասին տեղեկատվություն:
Մասնավորապես, սերբ գործակալին հետաքրքրել են այս տարվա մարտին Բաքվի կենտրոնում երիտասարդների անցկացրած բողոքի ակցիաները: