
Սիրիայի իշխանությունները դեմ են «Ժնև 2»-ին Սաուդյան Արաբիայի մասնակցությանը

Al Mayadeen հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարությունը անհրաժեշտություն չի տեսնում նրանում, որ Սաուդյան Արաբիան ներկայացված լինի «Ժնև 2» խաղաղության կոնֆերանսում: Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին.
««Ժնև 2»-ին Սաուդյան Արաբիայի մասնակցելը ոչնչով արդարացված չէ: Մենք չենք ցանկանում, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հրավիրվեն տվյալ կոնֆերանսին»: Ակնկալվում է, որ «Ժնև 2» կոնֆերանսն անցկացվելու է հաջորդ տարվա հունվարի 22-ին:
Սիրիայի ղեկավարությունը քանիցս Սաուդյան Արաբիային մեղադրել է երկրի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Սիրիական ընդդիմությունն իր հերթին պահանջում է, որ Իրանը չմասնակցի «Ժնև 2»-ին, քանի որ նա աջակցում է Ասադին:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին նոյեմբերի վերջին չի բացառել, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը կարող են մասնակցել «Ժնև 2» կոնֆերանսին, որի մասնակիցների ցանկը վերջնականապես հստակեցված չէ: