
Ուկրաինայի խորհրդարանը տապալել է Ազարովի կառավարությանն անվստահություն հայտնելը (տեսանյութ)

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր տապալել է Նիկոլայ Ազարովի կառավարությանն անվստահություն հայտնելը: Համապատասխան նախաձեռնությանն աջակցություն է հայտնել 186 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226 քվե: 5 պատգամավոր դեմ է քվեարկել, մնացյալը ձեռնպահ են մնացել:
Ընդդիմությունը քվեարկության արդյունքներն ընդունել է սուլոցներով ու դժգոհությամբ: Քվեարկությունից հետո Ազարովը մոտեցել է խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակին, սեղմել է նրա ձեռքը և լքել է խորհրդարանի շենքը:
Քվեարկությունից առաջ Ազարովը պատգամավորներին երաշխավորել է, որ Ուկրաինայի կառավարությունում կատարվելու են կտրուկ փոփոխություններ: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահն ու վարչապետը չեն մասնակցել Եվրոմայդանի ցրմանը: