
Գրանցվեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը

Մինչ ՏՏ ոլորտի աշխատակիցներն ու ԱԺ ոչ իշխանական պատգամավորները բողոքում են և քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ՀՀ Կենտրոնական բանկը գրանցում է կենսաթոշակային ներդրումների կառավարմամբ զբաղվող ընկերությունների գրանցմամբ։
2013 թ. նոյեմբերի 29-ի թիվ 271 Ա որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի կառավարման համար առաջին փուլով մոտ 30 ընկերությունների հետ անհատական հանդիպումներ են եղել, բանակցություններ են տարվել 7-8 ընկերությունների հետ, ընտրվել են 2-ը՝ «ԱՄՈՒՆԴԻ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունները, որոնց հետ այժմ պայմանագրերի ստորագրման տեխնիկական խնդիրներն են լուծվում:
Նշենք, որ C-QUADRAT-ը հիմնադրվել է 1991 թվականին և բավականին ճանաչված է ներդրումային ֆոնդերի կառավարման բնագավառում։ Ընկերությունը 2006 թվականին ցուցակվել է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում, իսկ 2008-ին՝ Վիեննայի բորսայում։