«Հրապարակ». ԲՀԿ-ին կհիշեցնեն անցյալը
«Հրապարակը» գրում է. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ քննադատություններն ու բողոքները կստիպեն կառավարությանը քանդել արխիվները։ Փոխանակ այս բողոքներին ու դժգոհությունների ընթացք տալու, որոշել են աղմկող ԲՀԿ-ի «դեմը դնել» իրենց արխիվային համաձայնությունները նույն համակարգի մասին։ «Հրապարակը» հիշեցնում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2008-2012 թթ. կոալիցիայի շրջանակում ԲՀԿ ենթակայության տակ էր։ Բացի այդ, ԲՀԿ-ական պատգամավորներն Ազգային ժողովում անաղմուկ դակում էին իրենց դաշնակից ՀՀԿ-ի առաջարկները, որոնց «հետևանքներով» հիմա են սկսել մտահոգվել, երբ ընդդիմություն խաղալու ժամանակն է եկել։ Կառավարությանը մոտ կանգնած «Հրապարակ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ականների նախկին դրվատանքներն այս համակարգին տարբեր ձևաչափերով կներկայացվեն հանրությանը։ Երեկ, երբ այս մասին «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, վերջինս ասել է, թե նման բան չկա. «էդ էնքան ակնհայտ է, Դուք ինքներդ Էլ կարող եք տեսնել, էդ ամբողջը, ես լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեմ»։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում