Ցամաքային մայրուղուց դեպի օդային ուղիներ
Տարին մի անգամ աշխարհի հայերն իրենց հայացքներն են սևեռում արցախաշինության կամ ընդհանրապես հայրենաշինության աշխատանքներից առաջնային կարևորություն ներկայացնող մի ծրագրի վրա: Հայացքների համազգային կենտրոնացումը իհարկե զուտ ֆինանսական նշանակություն չունի: Համաշխարհային ազգ լինելու և ցանցային կառույցից ակնկալված կազմակերպված աշխատանք իրականացնելու կոչված պետական և հասարակական մեքենաների նպատակաուղղված և համակարգավորված աշխատելու փաստն է, այն ինչ որ իրականացվում է հերթական տարի այս օրերին:
Այս ծրագիրը կոչվում է հեռուստամարաթոն, հեռախոսամարաթոն թե ռադիոմարաթոն կամ դասական ձևի դրամահավաք, հետապնդում է ազգովին առաջնային օրակարգի շուրջ համախմբվելու հրամայականի կենսագործումը: Սկզբնական տարիներին առավելաբար Միացյալ Նահանգներում կամ առհասարակ դասական սփյուռքում կենտրոնացած, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ցանցը հետզհետե ընդարձակեց իր տարածքը` իր աշխատանքային հովանոցի տակ ներառելով նաև նոր սփյուռքի կազմակերպվող համայնքները: Ավելի՛ն. Հայրենիքը` Հայաստանի և Արցախի Հանրապետություններով արդեն քանիերորդ տարին լինելով մասնակցում է համահայկական տարողություն նվաճած այս դրամահավաքին:
Հերթական տարի, ծրագրի ընտրությունը անշուշտ պատահականության հետ կապ չունի: Ռազմավարական առումով որքան էլ հասկանալի լինի Արցախի իրողական անկախության իրավականացման անհրաժեշտությունը` եթե Հայաստանի Հանրապետության հզորացման համար Արցախն իր կայացած պետականությամբ և պաշտպանողական հզոր համակարգով անփոխարինելի երաշխիք է, ապա Արցախը իր հերթին կշնչի, կզարգանա, կբարգավաճի, կազատագրվի, կինքնորոշվի, միջազգայնորեն իբրև անկախ կճանանաչվի և կինքնապաշտպանվի ամենից առաջ Հայաստանի Հանրապետության նեցուկով:
Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն այս մեկության ամրակայման, անքակտելիության և փոխկապակցված անվտանգության երաշխիքի առավել արմատավորման համար կենսական են առարկայական միջոցները, ճանապարհները, կապը ընդհանրապես: Ճանապարհների հարթումը հին պատմական ժամանակներից ի վեր թագավորությունների և կայսրությունների համար առաջնային նշանակություն են ունեցել: Պատերազմների համարյա ավարտին հաջորդած ճանապարհաշինությունները ռազմավարական կարևորագույն նշանակություն են ունեցել: Այդ ճանապարհաշինությունը իհարկե հետապնդել է ավելի հեռահար նպատակներ, որոնց համար տրամադրվել են հսկայական մարդուժ և միջոցներ:
Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցումը առաջին մեծածավալ ճանապարհաշինության ծրագիրն էր, որը հաջողացրեց համայն հայությունը: Այժմ Վարդենիս-Մարտակերտը պիտի դառնա այն երկրորդ մայրուղին, որ էապես նպաստած պիտի լինի Հայաստանի Հանրապետություն – Արցախի Հանրապետություն երկկողմանիորեն ռազմավարական նշանակություն ունեցող համազգային օրակարգին:
Միջազգային ճանաչման ուղղությամբ բոլոր բաղադրիչներն ամբողջացնող Արցախի Հանրապետության համար ավելի քան կարևոր են մայրուղիները, ենթակառույցները, պետականությունից ակնկալված բոլոր բաժանմունքների կայացումը: Մայրուղիների կառուցման այս կարևորագույն աշխատանքին զուգահեռ Ստեփանակերտը օդային տարածքով պատրաստ է կապվելու նախ «Զվարթնոց»-ին, ապա արտաքին աշխարհին: Կապը ուրեմն առհասարակ, լինի ցամաքային թե օդային, ռազմավարական գերակա ուղղություն է տվյալ պետության համար:
Պարզ է, որ Բաքուն այսօր հայտնվել է միջազգային ճնշման տակ` ընդունելու համար Ստեփանակերտի օդակայանի գործարկման իրականությունը: Գործարկման առկախումը անշուշտ կապ չունի տեխնիկական պատճառների հետ. Դա զուտ քաղաքական է Բաքվի համար: Հայկական կողմի համար` ռազմավարական:
Գորիս-Ստեփանակերտից հետո, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին միջազգային ընտանիքին ավելի կհամոզի, որ ցամաքային կապի խնդիրները լուծած Ստեփանակերտն ավելի քան պատրաստ է օդային կապն իրականացնելու:
«Հայաստան» հիմնադրամի այս տարվա ծրագիրը կարևոր է նաև ա՛յս իմաստով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր