
Գյումրիի մի հատված, հնարավոր է՝ տրվի ռուսական ռազմաբազաներին` որպես փակ բնակատեղի

ԱԺ ՀՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր մի քանի լրագրողնրի հետ զրույցում բավական ուշագրավ հայտարարություն արեց: Նա չբացառեց, որ Գյումրիի մի հատված, հնարավոր է՝ տրվի ռուսական ռազմաբազաներին` որպես փակ բնակատեղի: Միաժամանակ, ըստ նրա՝ անհնար է, որ Գյումրին ամբողջությամբ դառնա փակ քաղաք:
«Գյումրիում այսօր էլ և շատ վաղուց էլ կա փակ հատված, որը ռուսական ռազմաբազայի հատվածն է, և այնտեղ մուտքն ու ելքը եղել է անցագրերով։ Դրա ընդլայնման մասով հստակ չեմ կարող ասել, բայց միգուցե և տրվեն, որովհետև եթե խոսվում է, որ լրացուցիչ զինամթերք ու զորք է բերվելու, բնական է, որ այդ լրացուցիչ զինամթերքի և զորքի համար անհարաժեշտություն կառաջանա նաև նոր բանակատեղի։ Իսկ դա կլինի ծառայողական բնակարա՞ն, թե՞ զորքի համար հատուկ տեղեր և այլն, արդեն հիմա հստակ չեմ կարող ասել»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե քննարկվում է նաև քաղաքն ամբողջությամբ փակ գոտի դարձնելու հարցը, ապա ՀՀԿ-ական պատգամավորը դրանք գնահատում «անիմաստ խոսակցություններ.` նշելով. «Ո՞նց եք պատկերացնում ամբողջությամբ Գյումրին փակ քաղաք, նման բան չի կարող լինել»:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին նախորդող աղմուկին, նա նշեց, թե դրանք իր համար զարմանալի չեն: «Հետաքրքիր հասարակական սեկտոր ունենք. երբ սրանից մեկ տարի առաջ խոսակցություն գնաց, որ Պուտինը գալու է Հայաստան, այն ժամանակ էլ աղմուկ բարձրացրեցին, խոսակցություն գնաց, գուշակություններ եղան… հիմա, երբ որ գալիս է, նորից աղմուկ են բարձրացնում, փորձում են ինչ-որ արտակարգ հնչեղություն տալ։ Կարծում եմ, որ, փառք Աստծո, շատ պաշտոնական անձիք, ղեկավարաներ, նախարարներ եկել են: Հիմա միգուցե մարդիկ լավ չե՞ն զգում, որ առաջինը Պուտինը Գյումրի է գնում»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը: