
Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ: Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2014-2015թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ավելի քան 37 մլն դրամ է հատկացրել Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մասնակի նորոգման, Վանաձորի N 3 մշակույթի տան ջեռուցման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: