
ՀՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանին կոչ է անում մտածել սեփական դեմոգրաֆիկ խնդիրների մասին

Երեկ ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսսիի» ռադիոկայանը Հայաստանի մասին ընդարձակ ոեպորտաժ էր եթեր հեռարձակել` չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։ Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ: Մենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին խնդրեցինք մեկնաբանել այս հրապարակումը։ «Յուրաքանչյուր պետություն ավելի լավ կլինի առաջին հերթին իր դեմոգրաֆիկ խնդիրների մասին մտածի, այդ թվում` Ռուսատանը»,- արաձագանքեց Գ. Մինասյանը: