«Ժողովուրդ». ԱՄՆ գնալն էլի բարդ կլինի
«Ժողովուրդը» գրում է. Այս տարվա հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը վավերացրեց «Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «նոր կանոնակարգերը վիզաների տրամադրման գործընթացները կդարձնեն ավելի արագ (որոշումը կընդունվի 10 օրվա ընթացքում, արտակարգ դրության պայմաններում՝ 2 օր կամ ավելի քիչ), ավելի էժան (դիմումը կարժենա 35 եվրո) և կազատեն բյուրոկրատական քաշքշուկներից (պահանջվող փաստաթղթերի թիվը կրճատվել է բնակչության որոշ խմբերի համար՝ մոտ հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ, ուսուցիչներ, ուսանողներ, գործարարներ, լրագրողներ, գիտնականներ և այլն)»։
«ժողովուրդը» փորձել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնից հետաքրքրվել, թե արդյոք ԱՍՆ-ը ևս չի պատրաստվում դյուրինացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ «Ժողովուրդի» հարցմանն ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «Նոյեմբերի 22-ին Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները քննարկեցին վիզային ռեժիմի երկկողմ ազատականացման գործընթացը մեկնարկելու հարցը։ ԱՄՆ դեսպանությունն արդեն սկսել է տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր 12 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման։ ԱՄՆ դեսպանությունն ու ՀՀ կառավարությունը երկկողմ առևտրի ու ներդրումների ծավալները մեծացնելու նպատակով ցանկանում են ձևավորել առանց վիզաների ռեժիմ ԱՄՆ քաղաքացիների համար, իսկ ՀՀ քաղաքացիներին տրամադրել բազմակի մուտքի արտոնագրեր՝ 10 տարի ժամկետով»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում