Բաժիններ՝

Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց. Ոսկու շուկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Այսօր Ոսկու շուկայի դիմաց գործադուլ են հայտարարել ոսկի վաճառողները: Ոսկու շուկայի մոտ երկու հարյուր աշխատակից, որոնց հիմնական մասը վաճառողներ են, բողոքում են կառավարության դեմ: Մասնավորապես աշխատողների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարարությունից վերջին մեկ շաբաթվա ընթացքում ստուգումներ են իրականացրել և մեծ գումարներ են տուգանել մի քանի աշխատողների:

Ոսկու շուկայի աշխատողները Yerkir.am-ի հետ զրույցում արտահայտելով իրենց բողոքը, նշեցին, որ կառավարությունը անիմաստ տուգանքներով խեղդում է և չի թողնում աշխատել: Խոսքը վերաբերում է հիմնականում ոսկե զարդերի վրա դրվող կնիքին: Աշխատողները կնիք խփող ընբկերությանը տալիս են գումար և վաճառվող ոսկյա զարդերը, որից հետո սկսում են վաճառել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության վարչությունը գտել է խախտումներ այդ կնիքների հետ կապված և տուգանել աշխատողներին:

«Մեկին տուգանել են մեկ միլիոն դրամ, մյուսին երկու, երրորդին երեք միլիոն դրամի չափով: Մի հատ քիչ թե շատ նորմալ աշխատատեղ էր, դա էլ են ուզում վերացնել: Ասում են կնիքը ծուռ է, կնիքի պատկերը լավ չի երևում, բայց մենք ինչ անենք, մենք ինչ մեղավոր ենք, որ մեզ են տուգանում»,- ասել է  աշխատողներից մեկը:

Ոսկու շուկայի աշխատողները դեռևս չգիտեն, թե որքան ժամանակ են գործադուլ անելու, իրենք դժգոհ են այդ ստուգումներից ու վարչարարությունից: Այն հարցին` պատրաստվում են արդյոք կառավարության շենքի մոտ բողոք անցկացնել, աշխատողներից մեկը պատասխանեց. «Որ այսպես շարունակվի, կգնանք, ոսկեղենը կդնենք դագաղի մեջ ու կգնանք կառավարության շենքի մոտ»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս