Գերմանիայում լավագույնն է ճանաչվել ԱՄՆ գաղտնի ծառայությունների մասին հոդվածի վերնագիրը` «Yes, we scan!»
Ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեության մասին պատմող գերմանական «Բիլդ» տաբլոիդում հրապարակված հոդվածի «Yes, we scan!» («Այո, լրտեսում ենք» կամ ենթատեքստով` «Լրտեսել կարող ենք») վերնագիրը ճանաչվել է լավագույնը: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է մրցույթի կազմակերպիչ ընկերությունը:
Վերնագիրը բառախաղ է. հեղինակն օգտագործել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` 2008թ. նախագահական ընտրարշավի կարգախոսներից մեկը` «Yes, we can» («Այո, մենք կարող ենք»):
«Բիլդի» էջերին փոփոխված «կարգախոսը» հայտնվել էր հուլիսի 10-ին, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի բացահայտումներից հայտնի էր դարձել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից լայնածավալ գաղտնալսումների մասին: