Ամուսինը մեղավոր է ճանաչվել կնոջը Կիևյան փողոցում հաճախորդներ գտնելու համար ճամփեզրին կանգնեցնելու մեջ
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց կնոջը մարմնավաճառությամբ զբաղվելուն ստիպելու մեջ մեղադրվող Ա. Մուրադյանի քրեական գործով բողոքը և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի վճռով՝ Ա. Մուրադյանը դատապարտվել էր 10 տարի ազատազրկման:
Տեղեկացնենք, որ Ա.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Տ. Ասատրյանին սեռական շահագործման ենթարկելու նպատակով պարբերաբար պարտադրել է զբաղվել մարմնավաճառությամբ: Ըստ մեղադրանքի՝ Ա. Մուրադյանը դա արել է Տ. Ասատրյանի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ՝ իրենց անչափահաս դստեր՝ Ա. Ասատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներ տալով։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ա. Մուրադյանը տարբեր օրերի բռնությունների սպառնալիքներ տալով՝ Տ.Ասատրյանին նրա կամքին հակառակ դստեր հետ տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, այնտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին. «Իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:
Առաջին ատյանի դատարանը Ա. Մուրադյանին մեղավոր էր ճանաչել մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ) և նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում ամբաստանյալ Ա. Մուրադյանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա ասաց, որ իր շահերի պաշտպան Վահագն Մանուկյանի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքի փաստարկներն ու հիմնավորումները:
«Դրանք սոսկ վկայել են իմ վերաբերյալ ապօրինի քրեական հետապնդում և դատական ակտ կայացնելու, ինչպես նաև խիստ թերի, ոչ օբյեկտիվ քննություն կատարելու մասին: Քրեական գործում առկա են բազմաթիվ չպարզված հանգամանքներ և չփարատված կասկածեր, որոնք առ այսօր հանդիսանում են արդիական և պահանջում են լիարժեք, բազմակողմանի, խորացված քննություն»,- ասաց ամբաստանյալը:
Նա ասաց, որ մեղադրող դատախազը բանավոր կերպով հայտարարել է միայն, որ իրենց բողոքը ենթակա է մերժման, սակայն չի նշել դրա պատճառները: Ամբաստանյալը միջնորդեց՝ դատախազից պահանջել իրենց բողոքի պատասխանը գրավոր ձևով: Միաժամանակ Ա. Մուրադյանը միջնորդեց իրեն 5 օր ժամանակ տրամադրել՝ վերջին խոսքով հանդես գալու համար:
Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ դատախազի իրավունքն է իր պատասխանը ներկայացնել գրավոր կամ բանավոր ձևով:
Միաժամանակ, դատարանը նշեց, որ բողոքի քննությունը նշանակվել է վճռաբեկ վարույթի կանոններով, ինչը նշանակում է, որ վերջին խոսքի իրավունք տրամադրելու ընթացակարգ չկա:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպան Վահագն Մանուկյանը դատարանին ներկայացրեց «Արաբկիր» բժշկական կենտրոնին իր կողմից կատարված հարցման պատասխանը: Պաշտպանի խոսքով՝ տուժող Տ. Ասատրյանը դատարանում հայտնել է, որ ինքը փակի տակ է եղել, սակայն հարցման պատասխանից երևում է, որ այդ նույն ժամանակահատվածում Տ. Ասատրյանն իր աղջկան բժշկական կենտրոն է բերել:
Տ. Ասատրյանն էլ ի պատասխան ասաց, որ չի հերքում այն հանգամանքը, որ իր երեխայի հետ ազատության մեջ է եղել. նրա խոսքով՝ ինքը փակի տակ է եղել, բայց ոչ ամբողջ ժամանակ: «Ես նաև նշել եմ, որ այդ ժամանակ չեմ դիմել ոստիկանություն, չեմ փախել, հեռացել, որովհետև ես վախի ազդեցության տակ եմ եղել»,- ասաց տուժողը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ: