
The Guardian-ը ճանաչվել է «Տարվա անկախ ձայն»

Բրիտանական The Guardian թերթն արժանացել է Liberty իրավապաշտպան խմբի մրցանակին՝ Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից համայն աշխարհում ինտերնետային օգտատերերին մասշտաբային լրտեսելու վերաբերյալ նյութերի շարքի հրապարակման համար:
Խոսքը գնում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի հրապարակման մասին: Թերթը մրցանակի է արժանացել «Տարվա անկախ ձայն» (Independent Voice of the Year) անվանակարգում:
Միջոցառման կազմակերպիչներն ընդգծել են, որ The Guardian-ը ցուցաբերել է մեծ համարձակություն՝ պատմելով այն ամենի մասին, ինչի մասին մյուսները լռել են, և ճշմարտությունը վեր է դասել ամեն ինչից: The Guardian-ի խմբագիր Ալան Ռասբրիջերը հայտարարել է, որ իրենք ուրախ են տոտալ լրտեսման վերաբերյալ քննարկմանը սկիզբ դնելու համար: