Շիրխանյանը խռոված չէ, բայց ՍԴՀԿ-ում էլ չէ
ՍԴՀԿ պառակտման մեջ ակտիվ մասնակցություն ունեցած գործիչների թվում, համաձայն մամուլի հրապարակումների, նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է, ով, սակայն, պարզվում է` տևական ժամանակ է` լարված հարաբերություններ ունի կուսակցության, մասնավորապես` նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ:
Վճռաբեկ դատարանն օրերս մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն` ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել որոշումը, թե 8-րդ համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը: Նախատեսվում էր, որ նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՍԴՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ներկա կլինի նաև կուսակցական Վահան Շիրխանյանը, ավելին` չէր բացառվում, որ հենց վերջինս էլ կընտրվի ՍԴՀԿ նոր ատենապետ, սակայն Վ. Շիրխանյանն այդպես էլ չներկայացավ համագումարին:
Լուրեր են շրջանառվում, որ Վահան Շիրխանյանը սառեցրել է իր հարաբերությունները կուսակցության հետ, որովհետև Սեդրակ Աճեմյանի հետ գաղափարային տարակարծություններ կան, ուստի նա ամենևին չի մասնակցում կուսակցության գործունեությանը, չի շտապում հանդես գալ կուսակցության անունից: Լուրեր են պտտվում նաև, որ Վահան Շիրխանյանն այլևս ոչ միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ չէ, այլ ընդհանրապես ՍԴՀԿ անդամ:
Երբ ՍԴՀԿ նախկին ատենապետ Սեդրակ Աճեմյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր և Վահան Շիրխանյանի միջև հարաբերությունները լարվա՞ծ են, նա պատասխանեց. «Վահան Շիրխանյանը մոտիկ բարեկամ է ինձ, մենք կուսակցական ընկերներ ենք: Իհարկե, կան հարցեր, որոնց վերաբերյալ ինքն ունի իր անձնական տեսակետները, բայց մենք իրար հետ լուրջ տարակարծություններ չունենք: Ընկեր Վահան Շիրխանյանը բազմազբաղ անձնավորություն է ու պարզապես զբաղված է իր անձնական խնդիրներով: Առաջիկայում, երբ կարողանա իր անձնական գործերից մի փոքր ազատվել, մեզ ավելի մոտ կլինի. Ժամանակ չի գտնում կուսակցությամբ զբաղվել»:
Ս. Աճեմյանը բացառեց, որ իրենց միջև լարվածություն կարող է լինել, այն էլ` որևէ մեկի խռովության պատճառով, ապա ասաց. «Ընկեր Շիրխանյանը մեզ համար հաճելի անձնավորություն է, և մենք միշտ ուրախ ենք նրա հետ շփվելգ ոչ մի խռովածություն չկա: Նա կմիանա մեզ, երբ ազատ կզգա»: Սեդրակ Աճեմյանը հայտնեց նաև, թե անձամբ զրուցել է Շիրխանյանի հետ, նրան հրավիրել 9-րդ համագումարին մասնակցելու, սակայն բացասական պատասխան է ստացել` պատճառաբանությամբ, որ «մի քիչ այլ խնդիրներ ունի, և եթե ազատվի` կգա»:
Ի դեպ, Աճեմյանը հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք Շիրխանյանը շարունակո՞ւմ է կուսակցական մնալ, թե՞ ոչ: Մեզ հետ զրույցում Վահան Շիրխանյանն էլ հերքեց, թե իր և նախկին ատենապետի միջև լարվածություն կա` նշելով. «Ոչ մի բան էլ չկա` ոչ մի լարվածություն: Ոչ մի լարվածություն չունեմ»: Մեր հարցին, թե այլևս կուսակցության անդամ չե՞ք, նա այսպես պատասխանեց. «Չէ, ես կենտրոնական վարչության անդամ չեմ, բայց կուսակցության անդամ եմ, ո՞նց կարող է անդամ չլինեմ»: Իսկ թե ինչո՞ւ չի ներկայացել համագումարին, Վահան Շիրխանյանն ասաց. «Զբաղված էի տան գործերով, թոռնիկներիս հետ միջոցառման էի»:
Հետաքրքրվեցինք նաև, թե համաձա՞յն է, որ լինելով ավանդական կուսակցություն` ՍԴՀԿ-ն իր դերը քաղաքական դաշտում կորցրել է: «Իհա՛րկե համաձայն եմ: Պետք է քաղաքական գործունեություն ծավալի, գաղափարական աշխատանք կատարվի: Հիմա չի արվում, ինչպես և մյուս կուսակցությունների պարագայում, ՍԴՀԿ-ի ակտիվության նվազումն էլ հենց սրանով է պայմանավորված»,- պատասխանեց նա: