ՏԻՄ ընտրությունները կենսական կարևորություն ունեն Թուրքիայի ապագայի համար. Դևլեթ Բահչելի
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) հրաժարվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում նախընտրական դաշինքներ կնքելուց: Այս մասին հայտարարել է ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին.
«ԱՇԿ-ը չի ձգտում առաջիկա ընտրություններում դաշինք կնքել քաղաքական որևէ այլ կուսակցության հետ: Մենք կմասնակցենք ընտրություններին մեր սեփական թեկնածուներով: 2014 թվականի մարտի ընտրությունները կենսական կարևորություն ունեն Թուրքիայի ապագայի համար:
ՏԻՄ ընտրությունները կհանդիսանան շրջադարձային պահ, որը կարող է հանգեցնել Թուրքիայի քաղաքականության վերակառուցմանը: Ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունը կունենան նախագահական ընտրոթյունների վրա, որոնք նշանակված են 2014 թվականի օգոստոսին»:
Բահչելին հավելել է, որ իր կուսակցությունը ձգտելու է հաղթանակ տանել 2015 թվականին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են 2014 թվականի մարտի 30-ին: